Անկողնուն գամված ազատամարտիկի հաշմանդամության կարգը չեն փոխում

Սամվել Իսրայելյանն արդեն 5 ամիս է գամված է անկողնուն

Ծանր հիվանդ Սամվել Իսրայելյանն ասում է, թե մտադիր է եղել մասնակցել նաև ապրիլյան պատերազմին: «Երկրապահից ասացին՝ դու լավ չես, չես կարա գնաս։ Բայց էս վիճակով էլ․․․ ես իմ հայ ժողովրդի ցավը տանեմ»,- ասում է ազատամարտիկը:

Ազատամարտիկ Սամվել Իսրայելյանն արդեն 5 ամիս է գամված է անկողնուն։ 1992 թվականին ղարաբաղյան մարտերի ժամանակ վիրավորվել է, ստացել գանգուղեղային վնասվածք, որի հետևանքները հետագա տարիներին աստիճանաբար սրվել են՝ հանգեցնելով կրկնակի ինֆարկտի և կաթվածի։

Այսօր ազատամարտիկն ունի հաշմանդամության 3-րդ կարգ, արդեն 5 տարի է պայքարում է կարգը փոխելու համար։ Այդ նպատակով ընտանիքը դիմել է տարբեր պետական ատյաններ։ Իսրայելյանի հարազատների պնդմամբ, Էրեբունու տարածքի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախկին պետն անգամ 2000 դոլար կաշառք է պահանջել կարգը փոխելու համար։

«Ամուսնուցս պահանջել է 2000 դոլար, 1000-ը իրենց, 1000-ն էլ, ասեց, որ ինքը կասի, թե ում տան։ Չհասցրեց ասել, թե ում տանք, որովհետև ամուսինս բարկացավ, ասաց՝ իմ արյունն իմ վրա եք ծախում»,- պատմում է ազատամարտիկի կինը: Սամվել Իսրայելյանն էլ հավելում է՝ չի ցանկացել գործ հարուցել նախկին պաշտոնյայի դեմ ու դրա համար իրեն մեղավոր է զգում՝ «Ես եմ մեղավոր իմ էս վիճակի համար, ամեն ինչի համար ես եմ մեղավոր, ոչ մեկը մեղավոր չէ»։

Իսրայելյանները դիմել են նաև նախկին ու ներկա վարչապետներին։ Վերջին նամակը Կարեն Կարապետյանին էր ուղղված, որի պատասխանը ստացան հենց մեր ներկայությամբ։ «Գրված է՝ ձեր դիմումը գրանցվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Էս ձևը մեզ արդեն էնքան վաղուց ա ծանոթ, մենք ում դիմել ենք, նույն պատասխանն ենք ստացել։ Ես ուղղակի ուզում եմ հավատալ»:

Սամվել Իսրայելյանն այլևս ոչ ոքի չի հավատում։ «Ոնց որ «զակալդովանի կոլցո» լինի, նա ուղարկում ա նրան, նա նրան, նա նրան։ Դրա համար ես ոչ մեկին չեմ հավատում։ Ես հարգում եմ մեր կառավարությանը, պրիզիդենտին, բայց ոչ մեկին չեմ հավատում»,- շարունակում է հուսահատ ազատամարտիկը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին, թե այս պահին համակարգային փոփոխություններ են ընթանում և դրանից հետո միայն բոլոր նախկին ու ներկա դեպքերի մասով պատասխան կտան։ «Բուն հարցի պատասխանը կտրվի համպատասխան վարչության կողմից։ Երբ փաթեթը պատրաստ լինի, բուն գործընթացի մասին հանրությանը կիրազեկենք»,- ասաց հաշմանդամություն ունեցողների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը:

Անցած ամիս ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կոռուպցիոն շղթա է բացահայտել, որում ներգրավված պաշտոնյաները հաշմանդամության խումբ որոշելու դիմաց քաղաքացիներից կաշառքներ են վերցրել: Նախարար Արտեմ Ասատրյանն էլ ասել էր, որ հաշմանդամության կարգը որոշող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները կլուծարվեն, իսկ դրանց գործառույթը կփոխանցվի առողջապահական կազմակերպություններին:

Ծանր հիվանդ Սամվել Իսրայելյանն ասում է, թե մտադիր է եղել մասնակցել նաև ապրիլյան պատերազմին: «Երկրապահից ասացին՝ դու լավ չես, չես կարա գնաս։ Բայց էս վիճակով էլ․․․ ես իմ հայ ժողովրդի ցավը տանեմ»,- ասում է ազատամարտիկն ու հուզվում: