Սփայսեր. Թրամփը մոտ հինգ տասնյակ գործող պաշտոնյաների խնդրել է շարունակել աշխատել իր վարչակազմում

Շոն Սփայսեր

Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, ով արդեն կնշանակվի Սպիտակ տան մամուլի խոսնակ, երեկվա ասուլիսում հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնող Դոնալդ Թրամփը ներկայիս կառավարության մոտավորապես հինգ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է շարունակել աշխատել իր վարչակազմում։

Associated Press-ը, Reuters-ը հաղորդում են, որ խոսքը վերաբերում է նաև երկրի անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող հաստատություններում աշխատող պաշտոնյաների, նրանց թվում են՝ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոբերտ Ուորքը, քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Թոմ Շանոնը։

Associated Press-ի փոխանցմամբ, աշխատանքը շարունակելու առաջարկներ են արվել նաև Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Նիք Ռասմուսենին, ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների նախարարի տեղակալ Ադամ Շուբինին, «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով կոալիցիոն գործընկերների հետ համագործակցության հատուկ բանագնաց Բրեթ ՄըքԳուրքին, թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչության ղեկավար Չաք Ռոզենբերգին, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների այլ պաշտոնյաների։

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի երդմնակալության հետ կապված՝ Շոն Սփայսերն ասել է, թե Թրամփն անձամբ ինքն է գրում տեքստը, որով հանդես է գալու պաշտոնամուտի արարողության ժամանակ։

Ընդհանուր բառերով մամուլի խոսնակն ասել է, թե Թրամփը ներկայացնելու է Ամերիկայի ապագայի իր տեսլականը, անդրադառնալու է աշխատատեղերի ստեղծմանը, կրթական, առողջապահական ոլորտներին, իսկ օրը նա սկսելու է՝ այցելելով եկեղեցի։

Այսօր առավոտյան ժամը 8։30 Դոնալդ Թրամփը ընտանիքի անդամների հետ ներկա է լինելու Սպիտակ տան դիմաց գտնվող եկեղեցու հոգևոր արարողությանը։

Երեկ մամուլի ասուլիս է տվել նաև ԱՄՆ ընտրյալ փոխնախագահ Մայք Փենսը: Հինգշաբթի առավոտյան նա ասել է. - «Մենք պատրաստ ենք աշխատելու»։

Իսկ երեկ կեսօրին մոտ Թրամփը ընտանիքի անդամների հետ Նյու Յորքից ժամանել է Վաշինգտոն։