Կառավարությունը մինչև տարեվերջ նախատեսում է գործարկել Հայաստանի թվով երրորդ ազատ տնտեսական գոտին: Այն կհիմնվի Սյունիքում՝ Իրանի սահմանին մոտ գտնվող Ագարակ քաղաքում:
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանի խոսքով՝ սա Եվրասիական տնտեսական միության տարածքում ստեղծված 7 գոտիներից մեկն է լինելու, որում գործելու է նաև «Դյութի ֆրի» համակարգ:
«Սա կարևոր հնարավորություն է, որովհետև նաև կարող է նպաստել և՛ այցելություններին, և՛ զբոսաշրջությանը, և՛ ֆիզիկական անձանց կողմից այնտեղ առանց որևէ մաքսատուրքի ապրանքներ գնելուն: Մեր նպատակը նաև այն է, որ իրանական կողմի շահագրգռվածությունն ուղղված լինի նաև այդ ազատ տնտեսական գոտում ապրանքներ ստեղծելուն, որոնք ուղղորդված կլինեն դեպ այլ շուկաներ՝ ԵՏՄ, Եվրոպական շուկա»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, տնտեսական ազատ գոտու համար ակնկալում են ավելի քան 28 միլիոն դոլարի ներդրում ներգրավել: Արդեն իսկ մի քանի ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերել՝ «Որպես կազմակերպիչ, նախնական հետաքրքրություններ ունենք իրանական կողմից, ռուսական ընկերությունների կողմից, չինական ընկերության կողմից»:
Թեև Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն արդեն մեկուկես տարի է մեղմացել են, սակայն, Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալների վրա դա առանձնապես չի անդրադարձել: Այս տարի, ինչպես և նախորդ տարի, Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կկազմի մոտ 280 միլիոն դոլար: Պատճառը, Ազիզյանի խոսքով, բանկային համակարգի, մասնավորապես, փոխանցումների հետ կապված խոչընդոտներն են, որոնք լիովին չեն վերացել: «Եթե երկու բիզնեսներ միմյանց չեն կարողանում փող փոխանցել, դա ամենամեծ խոչընդոտն է, որ բիզնեսը զարգանա: Մենք հույս ունենք, որ այս խնդիրը կլուծվի»,- ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը:
Նա նաև հույս ունի, որ նշված ծրագիրը կյանքի կոչելուց հետո արտահանումը դեպի Իրան (էլեկտրաէներգիան չհաշված) կավելանա 30 տոկոսով: Այժմ Հայաստանից Իրան կատարվող մոտ 70 միլիոն դոլարի արտահանման ծավալի մեծ մասը բաժին է ընկնում էլեկտրաէներգիային: Մնացած մասում են միսը, քաղցրավենիքն ու ոչ ալկոհոլային խմիչքները: Կառավարությունը վստահ է, որ Հայաստանն ավելին կարող է առաջարկել Իրանին: «Դա իհարկե շշալցված հանքային ջուրն է, եթե մաքսատուրքերը բավականաչափ իջեցվեն, ծխախոտի արտահանման հնարավորություն ևս կա․․․ նաև դեղամիջոցները, այլ ապրանքների հնարավբորություն էլ կա, իրանական շուկան 80 միլիոնանոց շուկա է»,- ասաց Հովհաննես Ազիզյանը:
Ազատ տնետեսական գոտու ստեղծման այս ծրագիրը հայ- իրանական այլ նախագծերի ճակատագրին չի՞ արժանանա, թղթին չի՞ մնա, ինչպես, օրինակ, Մեղրու ՀԷԿ-ի կառուցման ծրագրի դեպքում, կամ էլ՝ անվերջ չի՞ հետաձգվի՝ «Հյուսիս – հարավ» ավտոճանապարհի շահագործման ծրագրի օրինակով: «Ոչ, իհարկե թղթին չի մնա, որովհետև հետաքրքրություններ շատ կան, և մենք համոզված ենք, որ սա շահութաբեր բիզնես է կազմակերպիչների համար, շահագործողների համար էլ զարգանալու լուրջ հնարավորություն է»,- հարցին այսպես պատասխանեց փոխնախարարը: