Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի, այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը 2016 թվականի սեպտեմբերի 15-ին կառավարության նիստի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) հանձնարարել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին՝ անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Հարցի առնչությամբ Կարեն Կարապետյանն այսօր, մասնավորապես, նշել է, որ ՊԵԿ-ն ահազանգում է, որ մեծաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել և մեկնաբանել վարչարարություն իրականացնելու այս հանձնարարականը:
Մասնավորապես, առկա են հետևյալ բացասական երևույթները՝ իրացման, շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի վարձատրության մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում:
«Հարկ եմ համարում պարզաբանել, որ, այսպես կոչված, մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի», - ասել է վարչապետը:
Այս կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ին հանձնարարել է՝ հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն ներկայացնել վարչապետի վերահսկողական ծառայությանը արձանագրված խախտումների վերաբերյալ, պարբերաբար հրապարակել ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները: Այն հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրված անճշտությունները, չներառել տարեկան ստուգումների ծրագրում: Նման հարկ վճարողների գործունեությունը գնահատել կամերալ ուսումնասիրությունների, չափագրումների և վարչարարության այլ գործիքների միջոցով: