Իրավապաշտպան կազմակերպությունը բանակում սպանությունների և ինքնասպանությունների թվի աճ է արձանագրում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, 2016-ին զինված ուժերում խաղաղ պայմաններում կտրուկ աճել է սպանությունների և ինքնասպանությունների թիվը։

Իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրության համաձայն, անցած տարում 2015-ի համեմատ բանակում 4 անգամ ավելի շատ սպանություն է կատարվել։ Գրեթե նույն պատկերն է նաև ինքնասպանությունների պարագայում՝ ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, եթե 2015-ին արձանագրվել է 6 ինքնասպանության դեպք, ապա 2016-ին այս ցուցանիշը կրկնապատկվել է՝ հասնելով 13-ի։

«Սպանության հետևանքով մահացությունների թվի կրկնակի աճը խոսում է տխուր իրավիճակի մասին։ Ինքնասպանութան կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով մահացությունների թիվը երբ աճում է, դա խոսում է շատ լուրջ իրավիճակի մասին։ Ավելին՝ նույնիսկ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ոչ մարտական գործողությունների հետևանքով էլի սպանություններ են եղել: Այդ հայրենասիրական ֆոնի վրա դեռևս շարունակվել են ինքնասպանությունների հետևանքով մահացության դեպքերը», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը։

Սաքունցի խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ 2016-ին զինված ուժերում արձանագրվել է մահացության 162 դեպք, 2015-ին այս ցուցանիշը 76 էր, ավելի քան երկու անգամ պակաս։ Մահացություններից 77-ը ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով են, իսկ մահացության մյուս 85 դեպքերից 34-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 19-ը՝ դժբախտ պատահարների, 13-ը՝ սպանության, 13-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 4-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման և 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով:

Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ 162 մահացության դեպքերից քրեական գործ է հարուցվել միայն 60-ի դեպքում:

«Այսինքն՝ մենք գործ ունենք զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ և այս հարցերը մենք բարձրացնում ենք որպես հանրային պահանջ զինված ուժերին: Պետք է գործ անել, և ոչ թե նախադասություններ արտասանել և գնահատականներ տալ», - մեկնաբանում է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ բանակում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ հրամանատարության, կանոնադրական հարաբերությունների խախտումների և այլ՝ տարիներ շարունակ իշխանության կողմից լուծում չստացող հարցերի մասին։

«Առանձին գործերով նաև մենք ներգրավված ենք որպես տուժողի ներկայացուցչի իրավահաջորդ, և քրեական գործերով ստանում ենք նյութեր, որոնք բնութագրում են զինված ուժերում իրավիճակը։ Երբ պաշտպանության նախարարը հանդես է գալիս որպես մասնագետ, ապա պետք է հասկանա, որ եթե դու ընդամենը մի քանի ամիս ես այդ բնագավառի ղեկավար, դա դեռ չի նշանակում, որ մասնագետ ես: Այս գործերի պատճառների, հանգամանքների բազմամյա ուսումնասիրության հիման վրա ենք մենք մեր եզրակացությունները տրամադրում», - ասում է Սաքունցը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին քննադատում է նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը․ - «Մենք մի խոսք չենք լսում նորանշանակ նախարարից, թե ինչու են զոհվում զինվորները: Բայց չէ՞ որ սա պատերազմող երկիր է: Ինչքա՞ն մենք զինվոր ունենք, որ մեկ տարվա մեջ 162 զոհ տանք: Սա հետպատերազմյան տարիների թվերին է համապատասխանում ընդհանուր առմամբ»:

Իրավապաշտպանի խոսքով, իշխանությունները Սաքունցի զեկույցը քննադատելու փոխարեն, պետք է մտորեն դրա շուրջ՝ փորձելով լուծումներ գտնել այդտեղ բարձրացված հարցերի համար։

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ առաջիկայում նախարարությունը կհրապարակի իր վիճակարգությունը։ Հարցին, թե իրավապաշտպան կազմակերպության զեկույցը արտացոլո՞ւմ է իրականությունը, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Հստակ ոչ Սաքունցը կարող է ասել, շատ հաճախ նաև սխալվում է, ոչ էլ ես կարող եմ այս պահին ասել, թե որ տեսակի հանցագործությունները ինչ փոփոխություն են կրել այս մեկ տարվա ընթացքում: Բայց որ կորուստները շատացել են 2016 թվականին 2015-ի համեմատ՝ այդտեղ գաղտնիք չկա»:

Հովհաննիսյանի պարզաբանմամբ, անգամ սահմանից հեռու զինված ուժերում տեղի ունեցող մահվան դեպքը կապ ունի պատերազմական իրավիճակի հետ․ - «Դա համարել ոչ մարտական կորուստներ կամ ոչ մարտական ազդեցությամբ կորուստներ առնվազն բարեխիղճ չէ: Մենք բազմիցս նշել ենք ու հիմնավորել ենք, և այդտեղ չկա որևէ գաղտնիք, որ անգամ ոչ առաջնագծում տեղի ունեցող ծառայության պայմանների փոփոխությունը ազդեցությունն է սահմանային իրավիճակի լարվածության կամ մարտական գործողությունների»: