Բաքուն Մոսկվայի հետ բանակցում է նոր սպառազինության մատակարարման շուրջ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիտարկում է Նախիջևանում տեղակայված ռուսական արտադրության զինտեխնիկան, արխիվ

Պաշտոնական Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ, հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով: Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին:

«Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների շուրջ: Ձեզ ավելի լավ է հայտնի, թե որքան զարգացած է ռուսաստանյան ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք, հիմնականում, ամենաարդիական պաշտպանական մշակումներով: Դա վերաբերում է թե՛ ուղղաթիռային տեխնիկային, թե՛ պաշտպանության համակարգերին՝ ամբողջ համալիրը: Դա մշտական գործընթաց է», - ասել է Ալիևը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրերի հեռանկարները գնահատելով որպես «լավ»:

«Դուք գիտեք պատմությունը, թվերը հրապարակված են, ստորագրված են շուրջ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր, դրանց մեծ մասը արդեն իրականացվել է», - ասել է Ադրբեջանի նախագահը: