Դունյա Միյատովիչը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում բացահայտել Դինքի սպանությունը

Թուրքիայի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը Թուրքիայում հայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին հայտնաբերելու ուղղությամբ, այսօր հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

«Ամեն տարի մենք նշում ենք Հրանտ Դինքի սպանության տարելիցը, մեծարում նրա քաջությունը փոքրամասնությունների իրավունքների համար պայքարում, և հարգանքի տուրք մատուցում խաղաղություն հաստատելուն ուղղված նրա բացառիկ ջանքերը», - ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը: - «Եվ ամեն անգամ մենք ստիպված ենք հիշել, որ նույնիսկ մեկ տասնամյակ անց այս ողբերգության պատվիրատուները անպատիժ են մնում»:

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում հրապարակվող երկլեզու՝ հայերեն և թուրքերեն «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Դինքը սպանվեց իր խմբագրության մուտքի մոտ: Թեև մարդասպանը՝Օգյուն Սամասթը, հայտնաբերվել և դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել: Դունյա Միյատովիչն այս առնչությամբ ասել է․ - «Ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին ակտիվացնել ջանքերը, որպեսզի արդարադատությունն իրականացվի և որպեսզի Հրանդ Դինքի հարազատների և ընկերների մեկ տասնամյակ շարունակ անպատասխան մնացած հարցերը պատասխաններ ստանան: Իշխանությունները պետք է նաև վերահաստատեն իրենց հասարակությանն ուղղված այն կարևորագույն ուղերձը, որ լրագրողների դեմ բռնությունը անպատիժ չի մնա»: