Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնից վաղը հեռացող Բարաք Օբաման մտադիր է որոշ ժամանակ հանգստանալ, գիրք գրել և իր հաջորդին չխանգարել կառավարել, սակայն կան թեմաներ, որոնց մասին չի տատանվի հրապարակավ խոսել: Դա, ինչպես Օբաման հայտարարել է երեկ՝ ամերիկյան պետության ղեկավարի պաշտոնում իր վերջին ասուլիսի ժամանակ, տեղի կունենա այն դեպքերում, երբ, իր կարծիքով, վտանգված կլինեն «մեր հիմնական արժեքները»:
Որպես օրինակներ նա նշել է քվեարկության նոր խոչընդոտները, «տարակարծությունը կամ մամուլը լռեցնելու ինստիտուցիոնալ ջանքերը» և Ամերիկա մանուկ հասակում տեղափոխված չփաստաթղթավորված անձանց արտաքսելու որևէ քայլ:
Օբաման հայտնել է, որ վաղը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո ընտանիքի հետ մեկնելու է Փալմ Սփրինգս, Կալիֆորնիա նահանգ:
Այդուհանդերձ, Օբամաները կշարունակեն ապրել մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ Միացյալ Նահանգների առաջին սևամորթ նախագահի դուստր Սաշան ավարտելու է ավագ դպրոցը: Մյուս դուստրը՝ Մալիան, ընդունվել է Հարվարդի համալսարան, ուր կսկսի հաճախել աշնանը: