Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ ընդդիմադիրները ահազանգում են

Սահմանադրական հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում, ամենայն հավանականությամբ, կանցկացվի մեկ ամսից, ըստ նախնական տեղեկությունների՝ փետրվարի 20-ին: Ղարաբաղի խորհրդարանը երեկ 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայներով հավանություն է տվել նախագծին:

Դեմ քվեարկած ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը պնդեց՝ փաստաթուղթը միայն մեկ նպատակ ունի՝ Բակո Սահակյանի իշխանության վերարտադրությունը: - «Կատարվում է մեկ անձի իշխանության վերարտադրություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Բակո Սահակյանի երկրորդ պաշտոնավարումն ավարտվելու է մի քանի ամսից: Ըստ գործող Սահմանադրության նա չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Իսկ ահա առաջարկվող նախագիծը ենթադրում է, որ նոր նախագահին այս տարի կընտրի գործող խորհրդարանը: Ընդդիմադիր պատգամավորը կասկած չունի, որ երկրի ղեկը նորից՝ փաստացի երրորդ անգամ կստանձնի Բակո Սահակյանը:

«Այս Ազգային ժողովը դեմ է քվեարկել միայն այն օրինագծերին, որոնք ես եմ ներկայացրել: Որևէ օրինագիծ, նախագիծ, որը ներկայացվել է նախագահականի կամ կառավարության կողմից, այս Ազգային ժողովը ի վիճակի չի եղել դեմ լինել և ամբողջովին կատարել է նախագահականի հրահանգները», - նշեց Խանումյանը:

Ավելին, այս անցումային շրջանի ավարտից հետո էլ, երբ 2020 թվականին միաժանակ կանցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ, Սահակյանի վրա նորից չի տարածվի երկու անգամից ավելի առաջադրվելու արգելքը․ - «Բակո Սահակյանը կարող է տեսականորեն նախագահել մինչև 2030 թվականը՝ առաջադրվելով թե՛ 2020 թվականին, թե՛ 2025 թվականին»:

Հայկ Խանումյանի համոզմամբ, առանց Երևանի հետ համաձայնեցնելու Ղարաբաղի իշխանություններն այս ծրագիրը կյանքի չէին կոչի: «Վերածնունդ» խմբակցության ղեկավարը անձամբ Սերժ Սարգսյանին է տեսնում սահմանադրական այս փոփոխությունների հետևում․ - «Սերժ Սարգսյանը որոշեց իրեն ավելի լոյալ խմբի վերարտադրությունը ապահովել՝ նկատի ունեմ Բակո Սահակյանին և նրա ոչ քաղաքական շրջապատը»:

Իշխանական «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, մինչդեռ, հակադարձում է՝ Բակո Սահակյանը դեռ չի հայտարարել, որ ցանկանում է պահպանել աթոռը․ - «Չեմ կարծում, որ կարող է գտնվել որևէ մեկը, ով որևէ պաշտոն կարող է ավելի բարձր գնահատել, քան ժողովրդի շահը կամ երկրի անվտանգությունը: Արցախը այն վիճակում չէ, որ պաշտոնակռիվ լինի: Գտնում եմ, որ դրանք շահարկումներ են»:

Բացի այդ, այս անցումային փուլում, հիշեցնում է պատգամավորը, նախագահի թեկնածուն ինքը չի առաջադրվելու․ - «Թեկնածուն ինքը չէ, որ որոշում է՝ առաջադրվել, կամ չառաջադրվել: Քաղաքական ուժերն են թեկնածություն առաջադրելու: Այնպես որ՝ սպասենք, տեսնենք: Ես հիմա չեմ կարող ասել՝ ինքը առաջադրվելո՞ւ է կուսակցությունների կողմից, թե չի առաջադրվելու: Եթե օրենքի խախտում չէ, ուրեմն նաև ժողովրդավարությանը չի հարվածում: Օրենքի խախտում չկա»:

Նախագծին դեմ է քվեարկել նաև «Դաշնակցություն»-ը, սակայն, ինչպես փոխանցեց խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, իրենք իշխանության վերարտադրության վտանգ չեն տեսնում: Համաձայն չեն կառավարման ընտրված մոդելի հետ, երբ Կառավարությունն աշխատելու է նախագահի գլխավորությամբ և ծրագրով, այսինքն երկրի ղեկավարը նաև վարչապետի լիազորություններ է ունենալու․

«Զսպումների, հակակշիռների մեխանիզմի կարևորությունը մեզ մոտ որոշակի թերահավատություն և մտահոգություն է առաջացնում: Դա չփորձարկված մի կառավարման համակարգ է, չի կարող արդյունավորվել տնտեսական, քաղաքական զարգացում ապահովելու, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքները ավելի խորացնելու», - ասաց Իշխանյանը:

Դեմ քվեարկած «Դաշնակցություն» և «Վերածնունդ» խմբակցություններում կարծում են՝ նոր սահմանադրության օրոք Ստեփանակերտը կարող է թեկուզ քիչ, բայց եղած միջազգային աջակցությունն էլ կորցնել:

«Շահագրգիռ կողմերի, ինչպես նաև կառույցների, որոնք աշխատում են և փորձում են նպաստ բերել մեզ՝ ինչ-որ տեղ կարող են չընդունել կամ իրենց համար հասկանալի չլինի այս ամենը: Մյուս կողմից նաև Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացում մենք միշտ կարևորել ենք Ղարաբաղում ժողովրդավարական սկզբունքների արմատավորումը», - մեկնաբանեց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը:

«Տարբեր խորհրդարաններում կային Արցախի հետ բարեկամության խմբեր և գլխավոր հաղթաթուղթը այն էր, որ Արցախը ժողովրդավարություն է՝ ի հակառակ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի: Հիմա մենք կատարում ենք այնպիսի փոփոխություններ, ինչ որ կատարում է Ադրբեջանը, որտեղ նույնպես սահմանադրություն է փոխվում նույն անձի կամ ընտանիքի իշխանությունը պահելու համար: Սա բոլորովին հասկանալի չի կարող լինել ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ էլ բարեկամների կողմից», - հավելեց «Վերածնունդ» խմբակցության ղեկավարը:

Հայկ Խանումյանը կարծում է՝ «ոչ»-ի շտաբ կձևավորեն, Դաշնակցությունում հարցը դեռ չեն քննարկել: