Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ իշխանությունը միտումնավոր փորձում է տապալել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործընթացը, որը դեռևս անցյալ տարի 4+4+4 ձևաչափով ամիսներ տևած քննարկումներից հետո ամրագրվեց նոր Ընտրական օրենսգրքում։
«Իրենք հրաշալի հասկանում եմ, որ տեսանկարահանումը լուրջ զսպող մեխանիզմ կարող է լինել իշխանության տարատեսակ բանդաների համար, ովքեր սովոր են բանդաներով շրջել տեղամասից տեղամաս, անկարգություններ հրահրել և փորձել անօրինական կերպով միջամտել ընտրական գործընթացին: Այս ընտրություններին իշխանության ներկայացուցիչները ռեյտինգայինի հենց իրենց կուսակցության ներքո իրար են մորթելու: Դա լինելու է գլադիատորական առումով ամենավայրագ ընտրությունը Հայաստանի պատմության մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:
Ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն: Առաջարկին Կառավարությունում դեմ չեն, սակայն նշում են, որ պահանջվող գումարը միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորումից կրկնակի ավելի է։
Թեև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրացել է, ընդդիմադիր ՀԱԿ-ում չեն կարծում, թե գործընթացը վերջնականապես տապալված է։
Տեխնիկական ապահովման հանձնաժողովի անդամ Ավետիս Ավագյանի խոսքով, նախ փորձելու են բանակցել հայտ ներկայացրած ընկերության հետ․ - «Մենք պիտի փորձենք ընդհանուր հայտարարի գալ: Միգուցե պահանջները մի քիչ թեթևացնել, տեսնել ինչ հնարավորություններ կան, որտեղ կարելի է տնտեսել և այլն: Գերնպատակը պիտի լինի, այնուամենայնիվ, Ազգային ժողովի ընտրություններում տեսահսկումը և ուղիղ հեռարձակումը ապահովելը»:
«Կփորձենք հասկանալ ելքը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը: - «Միգուցե հնարավոր լինի մի տեսախցիկ պակասեցնել՝ պահպանելով միայն ընտրական տեղամասում տեսախցիկը՝ այդ կերպով պակասեցնել գումարի չափը, որպեսզի հնարավոր լինի այն իրականացնել: Բայց որ տեսանկարահանում պիտի կատարվի, օնլայն պիտի հեռարձակվի, դա փաստ է»:
Ըստ Ընտրական օրենսգրքի, բոլոր 2 հազար տեղամասերում պետք է տեղադրվեն երկուական տեսախցիկներ․ մեկը՝ տեղամասում, մյուսը՝ մուտքի մոտ՝ ապահովելով 50 մետր շառավղով տեսանելիություն։ Ընտրական ամբողջ գործընթացը պետք է նաև ուղիղ հեռարձակվի։ Ի տարբերություն ընտրողների էլեկտրոնային գրանցման համակարգի՝ տեսախցիկների դրույթը նոր օրենսգրքում ոչ թե պարտադիր, այլ լրացուցիչ պահանջ է։
Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, իշխանություններն արհեստականորեն ձգձգում են գործընթացը, որպեսզի ընկերությունները չկարողանան կարճ ժամկետում ապահովել տեխնիկական պահանջները․ - «Որպեսզի այն կազմակերպությունները, ովքեր հնարավորություն ունեին երկարաժամկետ կտրվածքով տեխնիկական այդ խնդիրը կարգավորել, դրվեն այնպիսի պայմանների մեջ, որ ասեն, որ տեխնիկապես այդ ժամանակահատվածի համար հնարավոր չէ: Այո, հայտ ներկայացրել է մեկ կազմակերպություն, որը ներկայացրել է 3 միլիոն 800 հազար եվրոյի նախահաշիվ: Դա նշանակում է, որ ծրագիրը տապալման շեմին է, որովհետև հատկացված գումարը մեկ միլիոն մի քանի հարյուր հազար եվրո է ընդամենը: Սա հստակ դիտավորված, պլանավորված քայլ էր իշխանության կողմից՝ ընտրակեղծարարությունը կանխելու կարևորագույն մեխանիզմներից մեկը՝ տեսանկարահանումը տապալելու համար»:
Ի տարբերություն ԲՀԿ-ի, Հայ ազգայի կոնգրեսը չի շտապում հայտարարել, թե իշխանությունները միտումնավոր փորձում են տապալել գործընթացը։ ՀԱԿ անդամ Ավետիս Ավագյանը ընդգծում է, որ եթե իշխանությունները քաղաքական կամք ունեն տեսախցիկների տեղադրման հարցում, ապա կարող են ֆինանսական արտոնություններ տրամադրել հայտ ներկայացրած ընկերությանը․ - «Նույն տեսախցիկները, սերվերային համակարգիչները և այլն, դրանք ազատվեն ավելացված արժեքի հարկից, որը շատ տրամաբանական է: Որովհետև, նախ սա նվիրատվություն է, երկրորդը, գործընթացից հետո այդ ամբողջ սարքավորումները պիտի անցնեն Կառավարության սեփականության»:
Քաղհասարակության ներկայացուցիչների համար սպասելի էր, որ տեսախցիկների տեղադրման հարցը կարող վտանգվել։ 4+4+4 ձևաչափի քննարկումներին մասնակցած Ստեփան Դանիելյանի խոսքով, դեռևս այն ժամանակ էր տեսանելի, որ իշխանություններն առանձնակի լրջությամբ չեն վերաբերվում տեսախցիկների տեղադրմանը․ - «Իշխանության ներկայացուցիչների կողմից այդ ոչ լավ վերաբերմունքը կար տեսախցիկների հանդեպ: Հիմնական պատճառը առաջին փուլով ընտրությունները վերջացնելն է: Եվ գուցե որոշակի ֆիզիկամաթեմատիկական հաշվարկներով հանգել են այն եզրակացությանը, որ տեսախցիկները պետք չեն»: