«Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են դաշինքով։
Այդ մասին երեք կուսակցություններն ազդարարեցին քիչ առաջ տարածած համատեղ հայտարարությամբ, որում ընգծում են, թե դաշինքը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի ու միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են իրենց մտահոգությունները և տեսակետները։
«Համագործակցության համաձայնագիր» կոչվող փաստաթղթում նաև նշված է՝ «Սթափ գնահատելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի առաջ ծառացած մարտահրավերները, որոնք սպառնում են մեր անվտանգությանը, արձանագրելով, որ մեզանում առկա համատարած կոռուպցիան, տնտեսաքաղաքական մենատիրությունը և պետական կառավարման արդյունավետության ցածր մակարդակը մեր պետության հետընթացի, արտագաղթի, մարդկանց կյանքի ցածր որակի հիմնական պատճառներն են,
համոզված լինելով, որ հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական ոլորտներում համակարգային փոփոխությունների հասնելը քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է, գիտակցելով յուրաքանչյուրիս անհատական և հավաքական պատասխանատվությունն ու իրավիճակի ողջ լրջությունը, կաշկանդված չլինելով կուսակցական-հատվածական շահերով, մի կողմ դնելով առանձին հարցերի լուծման շուրջ պատկերացումների առանձնահատկությունները և առաջնորդվելով միասնաբար գործելու հանրային պահանջով,
ունենալով մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հստակ պատկերացումներ և իրականացվելիք քայլերի հստակ ժամանակացույց, հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների գերկարևորությունը, ընդունելով, որ Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումը հանրության ճնշող մեծամասնության պահանջն է, և այդ պահանջը հնարավոր է իրականացնել հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով՝
հայտարարում ենք մեր ընդհանուր մոտեցումների և համատեղ աշխատելու պատրաստակամության մասին՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ակնկալելով ժողովրդի վստահության քվեն»: