2016 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը հավանություն է տվել «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագծին, որն այս տարի կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
«Օրենքը կարգավորելու է ճարտարապետների հարաբերությունները կառուցապատողների հետ, ճարտարապետների հետագա կրթության խնդիրները, ճարտարապետների ռեեստրը կազմելու խնդիրը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոխանցմամբ՝ այս օրենքի նախագիծը պատրաստելու համար շատ երկար ճանապարհ են անցել․ այն մշակել են Ճարտարապետների միությունում, լրամշակել են Քաղաքաշինության նախարարության, իսկ հիմա էլ՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի հետ․ - «Մենք չէինք էլ սպասում, որ դա շատ արագ կլինի։ Դա կախված է բազմաթիվ օրենքների հետ նրա եղած հարաբերություններից, կախված է նրանից, թե ինչպես կնայեն, ինչպես գերատեսչությունը կնայի: Եվ լավ է, որ այս դեպքում գերատեսչությունը, նախարարի հետ միասին՝ Նարեկ Սարգսյանի հետ միասին, մենք կարողացանք այդ օրենքը անցկացնել»:
Հարցին, թե արդյոք օրենքի ընդունումը կօգնի կարգավորել տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդիրները, մասնավորապես, մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման ոլորտում, Մինասյանն արձագանքեց․ - «Մենք հենց դրա համար էլ դա արեցինք: Որովհետև ճնշումները շատ մեծ են: Անկախության տարիները իրենց հետ բերեցին ամենաթողության տարիների գաղափար, տենդենց: Մի տեսակ բոլորին թվաց, որ կարելի է ամեն ինչ անել: Չնայած անկախությունը ավելի պետք է զսպի մարդկանց, որպեսզի ավելի ռեալ մոտենանք մեր երկրին»:
Իսկ հարցին, թե արդյոք օրենքի ընդունումը կկանխի Երևանի կենտրոնում հին կառույցների քանդումը, երբ անգամ ճարտապետներն էին բողոքում դրա դեմ, բայց նրանց ձայնը ձայնը լսելի չդարձավ, Ճարտապետների միության նախագահն արձագանքեց․ - «Սա հասարակական կազմակերպություն է: Այս [օրենքի ընդունման] դեպքում նաև ճարտարապետը իր վրա պարտականություն է վերցնում, որպեսզի չանի այդ բանը, պարտավորություններ ունի կատարելու ճարտարապետության մեջ: Պարտադիր չէ, որ նա կամայական կառուցապատողի քմահաճույքները կատարի: Շինարարություն և ճարտարապետական գործունեություն ընդհանրապես չկա, չկա ներդրումներ․․․ Ճարտարապետությունը թանկ հաճույք է: Եթե ուզում եք ունենաք լավ քաղաք, բարեկարգ քաղաք, մարդկանց համար հուսալի․․․ զարգանալու համար նախ պետք է կառուցել: Մեծ գումարներ են պետք»: