«Սերբիայի նպատակը Կոսովոյում Ղրիմի տարբերակի կրկնությունն է», - Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին:
Կոսովոյի ղեկավարի այս հայտարարության դրդապատճառը Բելգրադի և Պրիշտինայի հարաբերություններում վերջին օրերին նկատվող լարվածությունն է: Այն ծագեց շաբաթ օրը, երբ պաշտոնական Բելգրադը փորձեց վերականգնել երկաթուղային ուղևորափոխադրումները Սերբիայի և Կոսովոյի հյուսիսում գտնվող՝ առավելապես սերբերով բնակեցված Կոսովսկա Միտրովիցա քաղաքի միջև:
«Սերբիայի նպատակը Ռուսաստանի կողմից նվիրաբերված այդ գնացքը օգտագործելով Կոսովոյի հյուսիսային շրջանները երկրի հիմնական հատվածից անջատելն ու Սերբիային միացնելն է: Դա Ղրիմի մոդելն է», - պնդում էր Թաչին:
Բելգրադի և Կոսովոյի սերբաբնակ շրջանների միջև երկաթուղային ուղևորափոխադրումների վերականգնումը ալբանական կողմի դժգոհությունը հարուցեց նախևառաջ այն պատճառով, որ սերբական իշխանությունները փորձեցին զուտ տրանսպորտային այս նախաձեռնությունը օգտագործել քաղաքական նպատակներով: Ռուսաստանից գնված արագընթաց գնացքը նկարազարդվել էր «Կոսովոն Սերբիայի տարածքն է» մակագրություններով` արված աշխարհի 21 լեզուներով: Դա հարուցեց պաշտոնական Պրիշտինայի խիստ դժգոհությունը, և ալբանական իշխանությունները թույլ չտվեցին Բելգրադից ժամանող շարժակազմին հատել Կոսովոյի սահմանը:
Միջադեպից անմիջապես հետո Սերբիայի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որից հետո հանդես եկավ մի շարք կոշտ հայտարարություններով` չբացառելով անգամ իրադարձությունների զարգացման ամենաանբարենպաստ` ուժային տարբերակը:
«Եթե [ալբանացիները] սկսեն սպանել սերբերին, ապա մենք կմտնենք Կոսովո: Խոսքը միայն բանակի մասին չէ, առաջինը ես կգնամ», - հայտարարում էր Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
Սերբիայի ղեկավարի համոզմամբ՝ Կոսովոյի իշխանությունները գնացքի շուրջ սկանդալը օգտագործում են երկրամասի հյուսիսում` նախևառաջ Կոսովսկա Միտրովիցա քաղաքում, բնակվող սերբական փոքրամասնության վրա հավելյալ ճնշում գործադրելու համար:
«Եթե Թաչին սպառնում է, որ [ալբանական ուժերը] մուտք կգործեն Միտրովիցա, եթե Կոսովոյի վարչապետը հայտարարում է, որ Արևմուտքը տեղյակ էր Բելգրադից եկող գնացքի մուտքը Կոսովո կասեցնելու նպատակով հատուկջոկատայիններ օգտագործելու մասին, ապա մեզ համար ակնհայտ է, որ սերբերը հայտնվել են երկընտրանքի առջև` կամ համակերպվում ենք ստեղծված կացության հետ, կամ էլ՝ պատերազմում», - հայտարարում էր Սերբիայի նախագահը:
Կոսովոյի իշխանությունների համոզմամբ՝ Բելգրադից հնչող այս հայտարարությունները միանշանակ պատերազմի սպառնալիք են:
«Բելգրադը պատերազմի կոչեր է հնչեցնում: Մենք, սակայն, հակադարձում ենք խաղաղության ուղերձով: Տարածքային կամ ազգային պառակտումների կոչերին ես հակադրում եմ բարիդրացիությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ինտեգրումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը», - հայտարարում էր Կոսովոյի նախագահը:
Դրա հետ մեկտեղ, Հաշիմ Թաչին համոզված է, որ միջազգային հանրությունը պետք է լուրջ ճնշում գործադրի պաշտոնական Բելգրադի վրա` «հարևան բալկանյան երկրների հանդեպ Սերբիայի սադրանքներին վերջ տալու համար»:
«Նույն գործիչները, որ Սերբիան կառավարում էին 90-ականներին Կոսովոյում, Բոսնիայում և Խորվաթիայում ծավալված պատերազմների ժամանակ, այսօր ևս ստանձնել են սերբական կառավարության և բանակի ղեկը», - հայտարարում է Կոսովոյի նախագահը:
Կոսովոն Սերբիայից դե ֆակտո անջատվեց 1999 թվականին` ՆԱՏՕ-ի ձեռնարկած ռազմական գործողության արդյունքում: 2008-ի փետրվարին Կոսովոն միակողմանիորեն անկախություն հռչակեց, որը ճանաչել են աշխարհի 114 պետություններ: Սերբիան, սակայն, շարունակում է պնդել, որ Կոսովոն երկրի անբաժանելի մասն է: Այս հարցում Բելգրադին պաշտպանում են աշխարհի մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից երկուսը` Ռուսաստանն ու Չինաստանը: