Սեյրան Օհանյան․ Դաշինքը կներկայացնի երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ քաղաքական դաշինք ստեղծելու քննարկումները եզրափակիչ փուլում են՝ ընդգծելով, որ «հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը»:

Ֆեյսբուքյան իր էջում Օհանյանը գրում է․ - «Շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու և համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու»:

Գեներալ-գնդապետը, սակայն, չի մանրամասնում, թե որ կուսակցությունների, գործիչների հետ է բանակցում:

Թեև պաշտոնապես չի հաստատվել, սակայն լրատվամիջոցները գրում են Սեյրան Օհանյան - Վարդան Օսկանյան - Րաֆֆի Հովհաննիսյան հնարավոր դաշինքի մասին:

Այսօր առավոտյան հանդիպում է տեղի ունեցել Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի միջև: Կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ «քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր»:

«Համախմբման» ներկայացուցիչները այսօր հրաժարվեցին խոսել քաղաքական քննարկումների մասին: Սպասվում է, որ Օսկանյանը պարզաբանումներով հանդես կգա շաբաթվա վերջին:

Երեկ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը․ - «Ես կարծում եմ, որ Օհանյան Սեյրանը ունի պետական շատ կարևոր փորձ, ունի տալիք մեր երկրին, ինքը նաև ապագա ղեկավար կարող է դառնալ: Բայց ոչ մեկը զերծ չէ դատաքննության պահանջից: Եվ դա վերաբերում է բոլորիս»:

Երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Հովհաննիսյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խորհրդակցություններ են անցկացնում բոլորի հետ․ «Խորհրդակցություններ ենք անցկացնում բոլոր-բոլորի հետ: Մեր որոշումը առաջիկա օրերին ընթացքում կհրապարակենք: Մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք նվիրված են Հայաստանի քաղաքացու ազատությանը, սահմանադրական իրավունքին և մեր երկրի ինքիշխանությանը: Սա տևապես ասել ենք, և ոչ մի բան չի փոխվել»:

«Ազատությունը» հարցրեց՝ արդյո՞ք Սեյրան Օհանյանի հետ նույնպես խորհդակցություններ են անցկացվում, և արդյո՞ք Օհանյանն ու Օսկանյանը նվիրված են քաղաքացու ազատությանը և սահմանադրական իրավունքին, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Սեյրան Օհանյանը, Արամ Սարգսյանը․․․ լեցուն քաղաքական գործիչներ կան, ում հետ ես համաձայն եմ և ում հետ ունեցել եմ մեծ տարաձայնություններ: Մարդիկ, ովքեր ինձ վիրավորել են, ովքեր, երբ ես եղել եմ քաղաքացիությունից զուրկ, նաև ներկայացրել են ռեժիմը: Քաղաքականությունը փոփոխական նաև արվեստ է, արհեստ է, և ժողովուրդը պահանջում է այսօր, որ մենք ունենանք փոփոխություն, թեկուզ կեղծված հանրաքվեից հետո ունենանք փոփոխություն: Հիմա «Ժառանգությունը» պիտի որոշի՝ այս շրջանում առանձի՞ն գնալ, գնալ դաշինքո՞վ, գնալ ա՞յլ եղանակով»: