Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ, և որ այդ քննարկումները եզրափակիչ փուլում են։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու և համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու», - գրել է Օհանյանը:
Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ, ինչպես գրել է նախկին նախարարը, պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը:
«Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, և այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը», - գրել է Օհանյանը:
Պաշտպանության նախկին նախարարը, հիշեցնենք, անցած տարեվերջին հայտարարել էր ակտիվ քաղաքականություն վերադառնալու և առաջիկա ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Օհանյանը, սակայն չէր հստակեցրել, թե որ կուսակցության հետ է մտադիր առաջադրել իր թեկնածությունը: