Ստամբուլում վերսկսվել են Դինքի սպանության գործով դատական նիստերը

Հրանտ Դինք, դեկտեմբեր, 2006թ․

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցից օրեր առաջ Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում վերսկսվել են սպանության գործով հերթական դատական նիստերը։

«Ակօս»-ի հաղորդմամբ, նախօրեին տեղի ունեցած նիստի ընթացքում պաշտպանական խոսքով հանդես է եկել Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության նախկին ղեկավար Ալի Ֆուադ Յըլմազերը։ Վերջինս հայտարարել է, որ այն ժամանակ իր ղեկավարած կառույցը ոչ մի պատասխանատվություն չի կրում Դինքի սպանության համար։ Յըլմազերի խոսքով՝ Ստամբուլի նահանգապետարանն ու ոստիկանություն էին պարտավոր ապահովել Դինքի անվտանգությունը, քանի որ նրանք տեղյակ են եղել սպառնալիքների և ծրագրված մահափորձի մասին։ Ըստ նրա, եթե սպանության մեջ դիտավորություն կա, ապա այն պետք է Ստամբուլում փնտրել։

Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 20-ին։

Հունվարի 19-ին՝ հինգշաբթի օրը լրանում է Դինքի սպանության 10-րդ տարին։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Դինքի հարազատներն ու ընկերները «Հրանտի համար՝ արդարության համար» կարգախոսով հավաքվելու են նրա սպանության վայրում՝ «Ակօս»-ի շենքի դիմաց։

Դինքի հիշատակի արարողություններ տեղի են ունենալու նաև Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Կանադայում։ Ողջ Թուրքիան ցնցած սպանությունից տասը տարի անց հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել, չնայած մարդասպան Օգյուն Սամասթը և սպանությունը հրահրած Յասին Հայալը հայտնաբերվել և դատապարտվել են։

Դինքի ընտանիքն ու նրա իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել հանցավոր խմբավորման կողմից։ Նրանք պահանջում են հայտնաբերել և պատժել հանցագործության իրական մեղավորներին։

«Դինքի սպանության օրից արդեն տասը տարի է անցել, տասը երկար և ցավալի տարի այն ժամանակից, երբ վարչապետը՝ ներկայիս նախագահը նրա տուն գնալով խոստացավ, թե թույլ չեն տա, որ այս հանցագործությունը կորչի Անկարայի մութ լաբիրինթոսներում։ Նրա մահվան ճանապարհին արյունոտ քարեր նետողները, հանցագործության մասին իմանալով ոչինչ չանողները, աչք փակողները դեռ շրջում են մթին լաբիրինթոսների հովանու ներքո», - գրել է «Ջումհուրիեթ» պարբերականի սյունակագիր Այդըն Էնգինը։