Անահիտ Բախշյանը դուրս է եկել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը:
«Անահիտ Բախշյանի սուվերեն իրավունքն է որոշելու, թե ինչպես է շարունակելու իր քաղաքական գործունեությունը: Ամեն դեպքում, եթե ինքը կարծում է, որ «Ազատ դեմոկրատների» կամ որևէ այլ քաղաքական ուժի հետ ավելի արդյունավետ կհամագործակցի, քան «Ժառանգության» հետ, դա իր խնդիրն է»,- ասաց Խուրշուդյանը՝ հավելելով, որ Բախշյանը կուսակցությունից դուրս է եկել երեկ:
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր «Ազատությանը» փոխանցել, որ Բախշյանին առաջարկել են անդամակցել իրենց կուսակցությանը: Ըստ մամուլի՝ նույնպիսի առաջարկ Բախշյանին արել էր նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։