ԵՏՄ-ն արդեն երկրորդ տարին է փակում անկումով

Տատյանա Վալովայա, արխիվ

Չնայած դրան, ԵՏՀ պաշտոնյան այսօր կայացած հեռուստակամուրջի ժամանակ գոհունակություն հայտնեց բացասական ցուցանիշների նվազման կապակցությամբ․ 2015-ին ԵՏՄ-ում անկումն անհամեմատ (ավելի քան ութ անգամ) մեծ է եղել՝ մոտ 2,5 տոկոս:

Մոսկվայում, Մինսկում, Աստանայում և Երևանում գտնվող լրագրողների համար այսօր կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի նախարար Տատյանա Վալովայան տեղեկացրեց, որ 2016 թվականը միությունը փակել է 0,3 տոկոս տնտեսական անկմամբ:

Չնայած այդ ցուցանիշին, ԵՏՀ պաշտոնյան գոհ էր, քանի որ 2015 -ին ԵՏՄ-ում անկումն անհամեմատ (ավելի քան ութ անգամ) մեծ է եղել՝ 2,5 տոկոս: Այն, որ Ռուսաստանի նախաձեռնած այս միությունում տնտեսական շարունակվող անկման չափը կրճատվել է, արդեն իսկ, Վալովայայի գնահատմամբ, ձեռքբերում է:

«2016-ը դյուրին տարի չէր: Աշխարհում տնտեսական իրավիճակը և միջազգային տնտեսական կոնյուկտուրան վատը չէին: 2016 թվականին մենք տեսանք բավական մեծ թվով հուսադրող տնտեսական ազդակներ: 2016-ի տնտեսական արդյունքները, ընդհանուր առմամբ, էապես լավն են, համեմատած 2015-ի արդյունքների հետ»,- ասաց Տատյանա Վալովայան:

Արդեն երկրորդ տարին է՝ նվազում է նաև ԵՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալների ցուցանիշը՝ 2015 թ․ անկումը 24,5 տոկոս էր, 2016-ի առաջին 10 ամիսներին՝ 12,6 տոկոս: Միության արտաքին առևտրի ցուցանիշի նվազումն ավելի տպավորիչ է՝ 2015 թ.` 33,6 տոկոս, 2016 թ․ առաջին տասը ամիսներին՝ 15,8 տոկոս:

«2017 թվականին վերաբերող մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ [ԵՏՄ անդամ] բոլոր երկրները, ողջ միությունը, տնտեսական աճ կունենան» - այսօր ասաց Վալովայան:

ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության շրջանում գրանցված արդյունքներից գոհ չեն նաև Հայաստանում: Ճիշտ մեկ ամիս առաջ, Երևանում ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ «Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, և այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը:

Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, և մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս, մեղմ ասած, սպասողական է, թեև չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին»:

Այսօր Տատյան Վալովայային խնդրեցինք արձագանքել նախագահ Սարգսյանի հնչեցրած հիշյալ մտահոգությանը: «Կարծում եմ, արդարացի գնահատական է, որովհետև միշտ սպասումները շատ բարձր են, և դա նորմալ է․ քաղաքացիներն իրավունք ունեն սպասել ավելի մեծ տնտեսական, սոցիալական արդյունքի, քան իրենք ստանում են: Սա խթան է, որպեսզի մենք զարգացնենք ինտեգրումը, վերացնենք սահմանափակումները, արգելապատնեշները: Միևնույն ժամանակ, մեր կարծիքով, միանշանակ, Հայաստանը շատ լավ առավելություն է ստանում՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը»,- ասաց ԵՏՀ պաշտոնյան:

Հայաստանյան գործարար հանրությունում, մինչդեռ, այլ կարծիքներ են հնչում: Վերջերս «Ազատության» հետ զրույցում Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյանը հայտարարեց՝ անհնար է առանց կաշառքի ապրանք անցկացնել ռուսաստանյան «Վերին Լարս» մաքսակետով: Ու չնայած բազմաթիվ բողոքներին՝ իրավիճակը չի փոխվում, և սահմանն անցնելիս՝ ԵՏՄ անդամ Հայաստանի գործարարաները որևէ առավելություն չունեն վրացի, ադրբեջանցի կամ թուրք գործարարների նկատմամբ:

«Ինքը՝ ԵՏՄ-ն այսօր առողջանալու կարիք ունի: Այսօր ԵՏՄ-ն չի կարողանում իր ամենափոքր սահմանային կետը կարգավորել, կաշառակերությունը կերել է իրենց: Այսօր անհնարին է այդ կետերից անցնել առանց կաշառք տալու, առանց չարչարվելու և ներվայնանալու»,-ասել էր Մխջյանը: