Սահակյան. ՀՀԿ-ն չի քննարկել դաշինք կազմելու հարց

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ, մինչև այս պահը Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) չի քննարկել որևէ ուժի հետ դաշինք կազմելու հարցը։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Սահակյանն ասաց՝ կարծիքներ եղել են, որ ՀՀԿ-ն ընտրություններին գնա միայնակ։

«Ազատություն». - Պարոն Սահակյան, հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմադիր դաշտից որևէ կուսակցության հետ դաշինք կազմելը, օրինակ` «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության հետ։

Սահակյան. - Մինչև այս պահի դրությամբ ես բացառում եմ, որևէ նման քննարկում չի եղել, նույնիսկ խնդիրը երբ որ բարձրացվել է, նաև կարծիքները եղել են այն, որ մենք պետք է գնանք որպես առանձին, միայնակ մասնակցենք, և որևէ նման պատճառ էլ այս պահի դրությամբ ես չեմ տեսնում, որ մենք պետք է գնանք դաշինքով։

«Ազատություն». - Իսկ դա նշանակում է, որ դուք հույս ունեք, որ կստանա՞ք 50+1, ինչպե՞ս է լինելու։

Սահակյան. - Ցանկացած, նույնիսկ այն բարդ կուսակցություններին, երբ որ հարցնեք, նրանց հիմնական հայտարարությունը լինում է այն, որ պետք է հաղթեն և ունենան 50+1, բնականաբար, մեր ձգտումն էլ...

«Ազատություն». - Դո՞ւք էլ այդ հույսն ունեք։

Սահակյան. - Մեր պատկերացումներն էլ այն են, որ մենք ժողովրդի հիմնական՝ կեսից ավելի վստահությունը կարող ենք ունենալ: Դա, իհարկե, կերևա նախընտրական ժամանակաշրջանում, երբ որ մենք այդ քարոզչությունը կիրականացնենք, նաև ժողովրդի վերաբերմունքը կստանանք, կհասկանանք, կվերլուծենք: Բայց ես կարծում եմ, որ ընդհանուր քաղաքական դաշտը, երբ որ տեսնում ենք, բոլոր նախադրյալները կան, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր մեծամասնությունը։

«Ազատություն». - Մամուլում երբեմն հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ նախագահը դժգոհել է վարչապետից, իհարկե, այդ հրապարակումները, կարող ենք ասել, որ կոնկրետ աղբյուր չեն նշում, լրագրողական առումով չի կարելի դրանք համարել հավաստի կամ հավաստիությանը մոտ լուրեր, բայց քանի որ ես հիմա հնարավորություն ունեմ Ձեզ հարցնելու, ես պարզապես կօգտվեմ այս առիթից և կհարցնեմ՝ կա՞ նման դժգոհություն նախագահի մոտ։

Սահակյան. - Ես նման դժգոհությունից տեղյակ չեմ, ես կարող եմ վկայակոչել նախագահի հրապարակային խոսքը մեր համագումարի ժամանակ, որ եթե մեր կուսակցությունը ապրիլյան համապետական ընտրությունների արդյունքում ունենա դրական արդյունք, ապա վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ Ես հասկանում եմ նաև, որ աղբյուրը չեն նշում, դա ընդամենը որպես այդպիսին լրագրողական դաշտում փորձում են քննարկման առարկա դարձնել։ Տեսե՛ք՝ նախագահ Սերժ Սարգսյանի երկու ծրագրային ելույթների ժամանակ հենց ինքը՝ նախագահը խոսեց արմատական, ծրագրային փոփոխությունների մասին, և այդ փոփոխությունները պետք է լինեն դինամիկ և արագ, որպեսզի այս արագ զարգացող աշխարհին համահունչ մենք կարողանանք գնալ առաջ։ Այդ փոփոխությունների մի մասը վերաբերում էր կառավարությանը, և նախագահ Սարգսյանը նաև երբ որ նշանակեց վարչապետին, նաև մեր խորհրդի նիստի ժամանակ, հրապարակային նիստի ժամանակ նշեց, որ այդ փոփոխությունների հիմնական կրողներից մեկը լինելու է նաև վարչապետը, և վարչապետն ինքն է տանելու այդ փոփոխությունները։ Եվ մենք տեսնում ենք, որ նախագահի և՛ նախընտրական ծրագրերը, և՛ այդ ծրագրային երկու ելույթներն այսօր կյանքի են կոչվում հենց կառավարության ղեկավարի նաև միջոցով, և ժողովրդի կողմից վստահությունը կարծես թե բարձրանում է, և այստեղ փորձում են որոշակի խնդիրներ ստեղծել կամ առաջացնել։ Մենք բամբասանքները փորձենք չմեկնաբանել գոնե նախընտրական այս ժամանակահատվածում։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 15-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․