ԼՂ ՊՆ․ Հոսպիտալում մահացել է դեկտեմբերի 30-ին ծանր վիրավորված զինծառայողը

Շտապ բուժօգնության մեքենան Երևանի զինվորական հոսպիտալի դարպասների մոտ, արխիվ

Երեկ ժամը 23:35 Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ․ ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Այսօր ավելի ուշ Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասված է․ - «2017թ. հունվարի 15-ի ժամը 23:30-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին ժամը 14:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով` ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի Վարդանյանը: Վերջինս Մարտունու զինվորական հոսպիտալից 2016թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային միջանցիկ վիրավորում՝ գլխուղեղային կոմա ախտորոշմամբ: Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ 2016թ. դեկտեմբերի 31-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»: