Մարտիրոսյան. Սեյրան Օհանյան զինվորի անցած ուղին հույս է տալիս, որ ինքը մտահոգ է երկրում ստեղծված իրավիճակով

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ժառանգություն»-ը շատ լայն շրջանակով հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։

«Ազատություն». - Այս խորհրդակցությունների շարքում եղե՞լ են Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը։

Մարտիրոսյան. - Գիտեք, որ ես որևէ մեկի անուն չեմ տալիս, դա մեզ մոտ սկզբունքային հարց է, որպեսզի չխանգարենք այդ քննարկումներին։ Այսպես ասեմ՝ շատ լայն շրջանակով «Ժառանգություն»-ը հանդիպումներ է ունեցել և ունենում է: Հանդիպումները սկսել է պարոն Հովհաննիսյանը, որից հետո, ըստ էության, շարունակում եմ ես։ Այս երկու օրը պարոն Հովհաննիսյանը կվերադառնա, ինքը նորից, այսպես ասեմ, եզրափակիչ մասը կիրականացնի, և մենք արդեն քննարկումը կունենանք և որոշումը կունենանք։

«Ազատություն». - Անձնապես կո՞ղմ եք այս գործիչների հետ ճանապարհ գնալուն։

Մարտիրոսյան. - Ես անձնապես կողմ եմ լայն համախմբմանը, անձնապես կողմ եմ նրան, որ մենք հնարավորինս այնպիսի միավորում ստեղծենք, որ հասարակության մոտ պարզ դառնա, որ կա պայքարողների մի խումբ։

«Ազատություն». - Պարոն Մարտիրոսյան, Ֆեյսբուքում կաք, գիտեք, հիմա, թե ինչ են ասելու, որ Մարտի 1-ի մեղսակիցների հետ եք համագործակցելու։

Մարտիրոսյան. - Ես շատ ուրախ կլինեմ, որ որևէ մեկը մեկ փաստ, կամ կես փաստ ներկայացնի, որ ասենք՝ Վարդան Օսկանյանը կրակելու հրաման է տվել։ Ես անմիջապես ներողություն կխնդրեմ մեր քաղաքացիներից և քաղաքական դաշտի ներկայացուցիչներից, և, բնականաբար, որևէ քննարկում իր հետ չեմ իրականացնի։

«Ազատություն». - Միայն դա՞ է, չէ՞ որ նա քաղաքական իշխանության ներկայացուցիչ էր այդ ժամանակ և նույնիսկ հրաժարական չի տվել։

Մարտիրոսյան. - Ըստ էության, կարելի է ասել, որ բացի «Ժառանգություն»-ից բոլորն իշխանության մեջ են եղել, ինչ-որ մի ժամանակ։

«Ազատություն». - Նույնը կարող եք Սեյրան Օհանյանի մասի՞ն ասել։

Մարտիրոսյան. - Սեյրան Օհանյանի պարագայում էլ․․․ հիմա դուրս է գալիս, որ ես իրենց փաստաբա՞նն եմ։

«Ազատություն». - Փաստաբանը չեք, բայց եթե համագործակցությունը չեք բացառում...

Մարտիրոսյան. - Ես կարծում եմ, որ իսկապես իրենք կխոսեն, իրենք կասեն՝ երբ են գործողության մեջ եղել, ինչ հրաման են ստացել, ինչ հրաման են կատարել, օրենքով են շարժվել, ապօրինի է եղել․․․ Ես կարծում եմ՝ իրենք դա կասեն։

«Ազատություն». - Դուք դիտե՞լ եք Սեյրան Օհանյանի հեռուստատեսային ուղերձը 2008-ին, որում նա ասում էր, որ անգամ փոքր խմբերով դուրս գալու դեպքում կարող է միջոցներ ձեռնարկի զինուժը, նաև ասում էր, որ ցուցարարները զանգվածային անկարգությունների մասնակիցներ են։

Մարտիրոսյան - Այո, այո, այո։ Հիմա Սեյրան Օհանյանին կկանչեք, Սեյրան Օհանյանը բացատրություն կտա, ես այդ բացատրությունը լսել եմ։

«Ազատություն». - Ձեզ այդ չի խանգարում։

Մարտիրոսյան. - Ես այդ բացատրությունը լսել եմ։

«Ազատություն». - Եվ այդ խոչընդոտը վերացված է։

Մարտիրոսյան. - Ինձ Սեյրան Օհանյանի ոչ թե այդ հայտարարությունն է խոչընդոտում, այլ ինձ Սեյրան Օհանյան ազատամարտիկի, զինվորի անցած ուղին է որոշակի հույս տալիս, որ ինքը ևս մտահոգ է երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Ազատություն. - Պարոն Մարտիրոսյան, Սեյրան Օհանյանը Ձեզ բացատրություններ տվե՞լ է 2013 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի բարձրաձայնած խնդիրների շուրջ, չէ՞ որ, նա [Րաֆֆի Հովհաննիսյանը] ասում էր, որ «Օհանյանը բանակը գործի է դրել կեղծիքների հարցում»։

Մարտիրոսյան. - Ես հիմա նորից կարծեք թե անընդհատ փաստաբանի դերում եմ հանդես գալիս, ես ասում եմ՝ բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ են այս համակարգի դեմ պայքարել, ովքեր ցանկանում են երկրում արմատապես իրավիճակ փոխել, ես այդպիսի անձանց հետ պետք է փորձեմ պայքար տանել՝ երկիրն այս ճգնաժամից դուրս բերելու համար։

«Ազատություն». - Նույնիսկ եթե նրանք ներգրավված են եղել 2013-ի նախագահական ընտրակեղծարարության մեջ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասել Սեյրան Օհանյանի մասին։

Մարտիրոսյան. - Բերեք այդ հարցերի պատասխանը թող հրապարակային պարոն Օհանյանը, այլ հարցերի հետ կապված՝ պարոն Օսկանյանը, Դուք տվեք իրենց: Ես չեմ պատրաստվում իրենց հետ մեկ կուսակցության մեջ մտնեմ, ես չեմ պատրաստվում իրենց հետ բիզնես գործունեության մեջ մտնեմ, ես՝ որպես անկախ քաղաքական միավորի ներկայացուցիչ, այլ սուբյեկտների հետ փորձում եմ պայքարել, պայքարի արդյունքում փորձում եմ երկրում իրավիճակ փոխել։