Ընդդիմադիր պատգամավորը հետամուտ է կրկնաքվեարկությունները բացառելու խնդրին

2016 թվականին «Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպությունը ԱԺ-ի Էթիկայի հանձնաժողով է դիմել 13 պատգամավորների կողմից կրկնաքվեարկություն իրականացնելու հարցով: Նրանցից երկուսը ԲՀԿ խմբակցության անդամներ են, մյուսները՝ իշխող Հանրապետականի:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն առաջիկայում կդիմի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին՝ առաջարկելով պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի ու Արկադի Համբարձումյանի նկատմամբ կարգապահական միջոց կիրառել՝ ուրիշի փոխարեն քվեարկելու համար:

Նշված երկու պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելը նկատել և այդ հարցով Էթիկայի հանձնաժողով էր դիմել «Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպությունը: Հանձնաժողովը քննել էր դիմումն ու եզրակացրել, որ կրկնաքվեարկություն իրոք տեղի է ունեցել: Սակայն, պաշտոնապես որևէ որոշում չի ընդունել՝ քվորումի բացակայության պատճառով: Ու քանի որ դիմումի քննարկման ժամկետը սպառվել էր, հարցը համարվել է փակված: Թևան Պողոսյանը, սակայն, կարծում է, որ Գալուստ Սահակյանը, որպես Ազգային Ժողովի նախագահ, պետք է անդրադառնա ուրիշի փոխարեն քվեարկողների խնդրին:

Հանրապետական խմբակցությունից Սուքիաս Ավետիսյանը, ով, ի դեպ, էթիկայի հանձնաժողովի անդամ է, հերքում է, թե քվեարկել է ուրիշի փոխարեն՝ «Էն ապացույցները, որ ես ուզել էի, ինձ չեն ներկայացրել: Ուրիշի փոխարեն ես չեմ քվեարկել»,- ասում է նա:

Միչդեռ, Թևան Պողոսյանը պնդում է՝ ուսումնասիրել են «Մեդիա և իրավունք»-ի տրամադրած տեսանյութը, Ազգային Ժողովի նիստերի արձանագրությունները և պարզել, որ Հանրապետական խմբակցությունից Հովհաննես Սոֆոյանը բացակայել է, սակայն նրա փոխարեն և՛ գրանցվել են, և՛ քվեարկել: Նիստերի դահլիճում Սոֆոյանի հարևանը Սուքիաս Ավետիսյանն է, որն էլ, ինչպես փաստում է տեսանյութը, իր կոճակից բացի, նաև ուրիշի կոճակն է սեղմել: «Եթե ինքը ներկա լիներ, կտեսներ ապացույցները: Ասեմ, որ շատ պարզ է վիդեոյում երևում մատի շարժումը»,- ասում է Թևան Պողոսյանը:

Ուշագրավ է, որ այն օրը, երբ Էթիկայի հանձնաժողովը պետք է նիստ գումարեր Սուքիաս Ավետիսյանի ու Արկադի Համբարձումյանի կրկնաքվեարկության մասին որոշումը հրապարակելու համար, նույն օրը «Մեդիա և իրավունք» կազմակերպությունը ևս մեկ անգամ նկատում է, որ Արկադի Համբարձումյանը քվեարկում է գործընկերոջ փոխարեն:

ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Լալայանն ասում է՝ «Դեկտեմբերի 15-ին մենք ֆիքսել ենք, թե ինչպես է Արկադի Համբարձումյանը քվեարկում իր գործընկերոջ փոխարեն: Ինչպես գիտեք, մեր նախորդ դիմումը նույնպես վերաբերում էր նրան, Սուքիաս Ավետիսյանի հետ մեկտեղ: Էս դեպքում բացի նրանից [ուրիշի փոխարեն] քվեարկել է նաև Ռազմիկ Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը, Արտակ Դավթյանը»:

Թևան Պողոսյանի խոսքով՝ ցավալի է տեսնել, որ պատգամավորը՝ ում վարքը դարձել է Էթիկայի հանձնաժողովի քննության առարկա, հենց նիստի օրը ևս մեկ անգամ նույն խախտումն է անում, սակայն, առավել ցավալի է հանգամանքը, որ խախտումը կատարվում է Ազգային Ժողովի նոր կանոնակարգն ընդունելիս։ «Էլ չեմ ասում, որ դրանից 2 շաբաթ առաջ իշխող կուսակցության ղեկավարն իրենց ժողովին բոլորին կոչ էր անում ու ասում, որ հանրապետականները հենց իրենցից պետք է սկսեն բարեփոխումները»,- հիշեցնում է ընդդիմադիր պատգամավորը:

2016 թվականին «Մեդիա և իրավունք»-ը ԱԺ-ի Էթիկայի հանձնաժողով է դիմել 13 պատգամավորների կրկնաքվեարկությունների հարցով: Նրանցից երկուսը ԲՀԿ խմբակցության անդամներ են, մյուսները՝ իշխող Հանրապետականի: