ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետագա գործունեության հարցը ներկայումս բանակցվում է

«ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռևս կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի վերաբերյալ: ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել այս հարցի շուրջ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:

Մինչև մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան և կշարունակեն ադմինիստրատիվ ու մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները: Քանի դեռ բանակցություններն ընթացքի մեջ են, մենք չենք կարող ենթադրություններ անել դրանց վերաբերյալ»:

Ի պատասխան «Ազատության» հարցման, այս մասին հաղորդեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակից: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ազատությանն» ասել էր, թե հնարավոր չի եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի գործունեության երկարաձգման որոշման շուրջ:

Բալայանը հավելել էր՝ «Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությունը և վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում»: