Այսօր, չնայած ցրտին, գործարանի նախկին աշխատակիցները Կառավարության շենքի մոտ էին հավաքվել։ Նրանք հակասություն են տեսնում․ մի կողմից, գույքն է վաճառվում, մյուս կողմից՝ Կառավարությունը ներդրողներ փնտրելու համար մրցույթ է հայտարարարել։
«Դիմելով բոլոր կուսակցություններին՝ հույս ենք հայտնում, որ հանրային հնչեցություն կապահովվի և թույլ չեն տա, որ սնանկության գործընթացը շարունակվի», - ասաց ցույցերը հակամակարգող խմբի անդամներից մեկը:
«Մեր հավաքվելու նպատակը և համակարգող խմբի՝ կուսակցություններին ուղղված հայտարարությունը նրանում է, որ կուսակցությունները կանգնեն մեր կողքին և թույլ չտան, որ այն գույքը, այն սարքավորումները, որոնք հարկավոր են «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար, հանկարծ վաճառվի, և չկարողանան գործարանը աշխատեցնել: Տենդեր է հայտարարված մինչև ամսի 20-ը․․․ Մեր տեղեկություններով, «Եվրոպա - Ասիա» հոլդինգը՝ Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ, ներկայացրել է հայտ: Եվ հիմա մեր նպատակն է, որ կարողանանք հասնենք նրան, որ տենդերը կայանա և տեսնենք ով կկարողանա այս մրցույթում հաղթել», - «Ազատության» հետ զրույցում ասաց համակարգող խմբի անդամ Անահիտ Մանուկյանը:
Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունից հետաքրքրվեցինք, թե գործարանն աշխատեցնել ցանկացող քանի ընկերություն է արդեն իրենց դիմել, սակայն նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը ասաց, որ «Նաիրիտի» մասին ոչ մի հարցի չեն կարող պատասխանել․ - «Լուծարային կառավարչին դիմեք: Բոլոր հարցերով «Նաիրիտի» հետ կապված, զբաղվում է լուծարային կառավարիչը»:
Նախարարության հայտարարած մրցույթից գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը, սակայն, տեղյակ չէր։ Միայն փոխանցեց, որ փետրվարի 14-ին դատարանում տեղի կունենա սնանկությանը հաջորդող առաջին նիստը:
Ասատրյանի խոսքով՝ եթե մինչ այդ գործարանի առողջացման ծրագիր չներկայացվի, ապա այն կլուծարվի, եղած ֆինանսական միջոցներն ու գույքն էլ կուղղվեն պարտքերի մարմանը։
Նման ծրագիր, ըստ «Սնանկության մասին» օրենքի, կարող են ներկայացնել կա՛մ «Նաիրիտը», կամ խոշոր պարտատերերը:
«Եթե ոչ ոք չի ներկայացնում, մենք լուծարման վարույթ ենք սկսում արդեն առաջին ժողովից հետո և հասկանում ենք, թե լրացուցիչ ինչ քայլեր ենք կատարելու», - ասաց Ասատրյանը:
«Նաիրիտը» սնանկ ճանաչվեց նախորդ տարվա նոյեմբերին՝ ՀԷՑ-ի հայցադիմումի հիման վրա, որին գործարանը 1 մլրդ 200 միլիոն դրամից ավելի գումար է պարտք։
Գործարանը, ի դեպ, արդեն չորս ամիս է չի վճարել նաև «Նաիրիտի» անվտանգությունն ապահովող 260 աշխատակիցների աշխատավարձը։