Ալյուրն ու շաքարավազը հունվարի առաջին օրերին թանկացել են. այս տեղեկությունն այսօր հաստատեցին նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ):
«Անցած տարվա սկզբի համեմատությամբ, հոկտեմբերին 52 տոկոսով բարձրացել էր շաքարավազի հումքի գինը միջազգային շուկայում, բայց պնդել, որ դա է թանկացման հիմնական պատճառը, դեռ չենք կարող», - «Ազատությանն» ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը՝ հավելելով․ - «Դեռևս ամանորից առաջ հանձնաժողովն արձանագրել էր շաքարավազի գնի բարձրացում: Խոսքը մոտ 20-30 դրամով մեկ կիլոգրամի հաշվով բարձրացման մասին է, որը կազմում է մոտ 8-9 տոկոս: Պատճառների և հիմնավորվածության բացահայտման ուղղությամբ հանձնաժողովը ուոումնասիրություն է սկսել դեռևս նախորդ տարեվերջին: Ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են, և առաջիկայում կհրապարակենք հանձնաժողովի գնահատականը գնային բարձրացումների վերաբերյալ»:
Իսկ ալյուրի մանրածախ գինը վերջին երկու օրերին թանկացել է 5-10 դրամով: Այս կարևորագույն ապրանքատեսակներից մեկի գնաճի պատճառները, Սահակյանի փոխանցմամբ, ևս ուսումնասիրվում են: Նա նաև տեղեկացրեց, որ ալյուրի իրացման ոլորտում գերիշխող ընկերություններն են «Ալեքս գրիգը» և «Մանանա գրեյնը»: Իսկ շաքարավազի շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում նույն «Ալեքս Գրիգը», որը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:
Այդուհանդերձ, ըստ ՏՄՊՊՀ-ի ներկայացուցչի, գների բարձրացումը որևէ ընկերության մենաշնորհային դիրքով պայմանավորված չէ․ - «Ճիշտ է, երկու շուկաներում էլ կան գերիշխող տնտեսվարողներ, սակայն գերիշխող տնտեսվարողը, իհարկե, Ձեր ասած տերմինի հետ ոչ մի առնչություն չունի: Շուկան լիովին մրցակցային շուկա է, և կապել, ասենք, դրա հետ, կարծում եմ, որ դա տեղին չէ»:
Երևանի կենտրոնի մի քանի մթերային խանութներում «Ազատությանը» փոխանցեցին, որ ալյուրի թանկացումը դեռ չի ազդել հացի գնի վրա: Մինչդեռ փոքր խանութների աշխատակիցները դժգոգում էին առևտրի պակասից:
«Ազատությանը» հանդիպած երևանցիներն արդեն նկատել էին շաքարավազի թանկացումը:
«Էսօր առա: Էրկու կիլոյանոցը տասը դրամով թանկացել է», - ասաց միջին տարիքի մի երևանցի։
«Չնայած քաղաքացիները դժգոհում են շարունակական թանկացումներից՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարին դրական է եղել ապրանքների գների տեսանկյունից: Եթե վերջին տասը տարիներին գները 3-ից 9 տոկոսով շարունակական աճ էին գրանցում, ապա 2016-ին ոչ միայն աճ չի եղել, այլև նվազում է արձանագրվել», - ամփոփելով 2016-ի սպառողական գների փոփոխությունները՝ այսօր հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տնօրենի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:
«Սա, իհարկե, բացառիկ տարիներից մեկն է, որ մենք նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, տասներկու ամսվա կտրվածքով ունեցել ենք գների նվազում հանրապետության սպառողական շուկայում: 2015 թվականին նույնպես նվազում է արձանագրվել․ իհարկե, շատ աննշան՝ 0.1 տոկոսով, իսկ 2016 թվականին նվազումը մի փոքր մեծ է եղել՝ 1.1 տոկոս», - լրագրողների հետ հանդիպմանը հավելեց Մարտիրոսյանը:
Ընդհանուր առմամբ պարենային ապրանքների գները, ըստ ԱՎԾ֊ի ներկայացուցչի՝ նվազել են 3.3 տոկոսով: 2015-ի համեմատությամ, անցած տարի նվազել են, օրինակ, հացամթերքի, ալյուրի, մսամթերքի, ձկնամթերքի գները:
Միևնույն ժամանակ, ըստ Մարտիրոսյանի՝ շաքարավազը, օրինակ, թանկացել է․ - «Շաքարավազի գծով՝ 14.6 տոկոսով, մրգի գծով՝ 17 տոկոսով, ձուն՝ 6.8 տոկոսով: Ոչ-ոգելից խմիչքի գներն աճել են 3.6 տոկոսով, ոգելից խմիչքի, ծխախոտի գները աճել են 1.1 տոկոսով»: