ՔԿ․ ՎՏԲ-ի բանկոմատից հափշտակության փորձը բացահայտվել է, ձերբակալվել է ՔԿՀ աշխատակից

Իրավապահները «ՎՏԲ Հայաստան» բանկի բանկոմատի մոտ, որից հափշտակության փորձ է կատարվել, Երևան, 16-ը դեկտեմբերի, 2016թ․

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է «ՎՏԲ Հայաստան» բանկի բանկոմատից հափշտակության փորձը։ Նշանակված փորձաքննությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է։

«ՎՏԲ Հայաստան» բանկի 4-րդ մասնաճյուղի բանկոմատից հափշտակության փորձ կատարվելու մասին հաղորդումն ստացվել էր 2016 թվականի դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան. կառավարիչն ահազանգել էր, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող բանկոմատին ամրացված են գազի բալոն և այլ համակարգ:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ բանկոմատի վրա գազի և ամիակի բալոններից միացված խողովակները էլեկտրական մարտկոցի միջոցով գործադրելով փորձ է կատարվել պայթյունի եղանակով բացել բանկոմատը, որտեղ առկա է եղել առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի [«առանձնապես խոշոր չափերով գողության փորձ»] և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի [«գույքը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու փորձ»] հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: - «Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ռետինե խողովակներ և սպիտակ գույնի մալուխ, որոնք փաթաթված են եղել սև և թափանցիկ կպչուն ժապավեններով, սև գույնի խորանարդաձև մարտկոց, մետաղյա լինգեր, գազաբալոն, սրբիչ, սպորտային պայուսակ և պլաստմասե տարա, որի մեջ առկա է եղել յուրահատուկ բենզինանման նյութի հոտով հեղուկ և մի շարք այլ առարկաներ, որոնք, օրենքով սահմանված կարգով, փաթեթավորվել են: Հայտնաբերված առարկաներից վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք, այդ թվում՝ դատագենետիկական փորձաքննություններ»։

«Քրեական գործով փորձանմուշներ են վերցվել նաև մի քանի անձանցից և համեմատական մոլեկուլային գենետիկական փորձաքննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանցից մեկի) ինքնության վերաբերյալ, ով 2017 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է։ Նկատի ունենալով, որ կասկածյալն աշխատում է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը քրեական գործն ուղարկել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար», - փոխանցում է Քննչական կոմիտեն: