Ռիչարդ Բարլեյ. Առաջիկա ամիսներին ընկերությունը կկազմի Երևանի երթուղային նոր ցանցի նախնական առաջարկը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ձևավորման «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյի հետ:

Ընկերության հետ կնքված պայմանագրով առաջիկայում կմշակվի երթուղային նոր ցանց, ինչպես նաև` ինտեգրված սակագնի և տոմսային համակարգ:

Վահե Նիկոյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի համար խնդրի լուծման գործնական փուլին անցնելը նաև օրակարգային է: «Գործող տրանսպորտային համակարգն արդյունավետ չէ, և շուրջ 2 տարի առաջ այս ուղղությամբ սկսված գործընթացի արդյունքներն ու ձեռքբերումները մեզ համար, ցավոք, բավարար չեն: Այժմ, նոր խորհրդատուի առկայությամբ մենք ակնկալում ենք, որ բարեփոխումները կմտնեն գործնական փուլ, և դրանք առաջին հերթին պետք է սկսվեն երթուղային նոր ցանցի տեխնիկական մշակումից: Նշեմ, որ կան որոշակի ուսումնասիրություններ, այդ թվում՝ ուղևորահոսքի և առկա վիճակի վերաբերյալ: Մենք գնում ենք համակարգային բարեփոխումների և ակնկալում ենք ունենալ լիարժեք, արդյունավետ ցանց, որը հիմնված կլինի մանրամասն ուսումնասիրությունների վրա, հնարավորին կբացառվեն կրկնվող երթուղագծերը՝ դրանով իսկ բարձրացնելով արդյունավետությունը: Բացի այդ, կարևոր է, որ, մեր բնակչությանը հնարավորին քիչ անհարմարություններ պատճառելով, ձևավորենք և ունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխանող և առավելագույն արդյունավետ երթուղային նոր ցանց», - ընդգծել է Նիկոյանը՝ նշելով, որ քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստակամ է աջակցելու աշխատանքներին:

Ռիչարդ Բարլեյը նշել է, որ ընկերությունը, սկզբնական ուսումնասիրման փուլում ծանոթանալով գործող ցանցին և խնդիրներին, առաջիկա ամիսներին դրանք կամփոփի և կկազմի երթուղային նոր ցանցի նախնական առաջարկը:

Հանդիպմանը նշվել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կձևավորվի նաև միջգերատեսչական հանձնաժողով: Ընկերության կողմից մշակված առաջարկները ներկայացվելու են նաև հանրային քննարկման՝ հաշվի առնելու, թե որքանով են դրանք արդյունավետ և ընդունելի բնակչության համար:

Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման խորհրդատու ընկերության հետ մեկնարկային հանդիպմանը մասնակցել են նաև ենթախորհրդատուներ «Ամերիա» և «Ֆիմոշնս» ընկերությունների ներկայացուցիչները: