Էրդողան. Թուրքիան վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիան մեկ անգամ ևս վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է երեքշաբթի երեկոյան Անկարայի «Չանկայա» նախագահական պալատում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ բանակցությունների ընթացքում:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Թուրքիա էր ժամանել շաբաթասկզբին` հանդիպելով երկրի բոլոր բարձրագույն ղեկավարների հետ:

Էրդողանից բացի, Ջանելիձեն բանակցություններ էր անցկացրել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, ինչպես նաև թուրքական խորհրդարանի ղեկավարների հետ: Դրան գումարած՝ Ջանելիձեին հնարավորություն տրվեց ելույթով հանդես գալ տարբեր պետություններում հավատարմագրված Թուրքիայի դեսպանների ամենամյա հավաքին:

Դիմելով թուրքական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` Միխեիլ Ջանելիձեն մեկ անգամ ևս ընդգծեց այն կարևոր դերակատարությունը, որն ունի Թուրքիան Վրաստանի արտաքին հարաբերությունների ողջ համակարգում:

«25 տարի առաջ Թբիլիսին և Անկարան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին: Այս ընթացքում մեր հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում էին: Մենք մի շարք համատեղ տարածաշրջանային կարևոր նախագծեր ենք իրականացրել: Այս փուլում էլ շատ կարևոր է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին նախատեսված ժամկետներում շահագործման հանձնելը», - հայտարարում էր Ջանելիձեն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ բանակցությունների ընթացքում էլ Վրաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն էր դարձնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հեռանկարին: Այս բանակցությունների ընթացքում թուրքական կողմը մեկ անգամ ևս ընդգծում էր, որ պաշտոնական Անկարան կողմ է Վրաստանի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:

«Թուրքիան մշտապես սերտ հարաբերություններ է զարգացրել Վրաստանի հետ: Մեր բանակցությունների ընթացքում մենք մի շարք կարևոր թեմաների ենք անդրադարձել, այդ թվում՝ Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Թուրքիան կողմ է Վրաստանի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին: Մենք նաև կողմ ենք Վրաստանի և Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի շուտափույթ հաստատմանը: Թուրքիան այսօր նույն խնդրին է բախվում», - նշում էր Չավուշօղլուն:

2017 թվականի թուրք-վրացական օրակարգի մյուս կարևորագույն կետը լինելու է Ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստը, որի մասնակիցները ներկա կգտնվեն Բաքու-Թբիլիսի -Կարս երկաթուղու բացման արարողությանը: