ՔԿ. Մեղադրանք է առաջադրվել Գավառում Հայկ Հակոբյանի սպանության համար

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին:

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, բժշկական կենտրոն է տեղափոխվել 1988 թվականին ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանը՝ գլխի և պարանոցի շրջանում հրազենային վնասվածքներով, որտեղ արձանագրվել է նրա մահը։ Նույն օրը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն նշում է, որ իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Հայկ Հակոբյանը հրազենային վնասվածքներն ստացել է Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում. առերևույթ հանցագործություն կատարած անձը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պետհամարիշով ավտոմեքենայում գտնվող Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով [սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը: Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը] և հարցաքննվել։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

«Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։