Օբաման հրաժեշտի ելույթում ամերիկացիներին կոչ է անում պաշտպանել ժողովրդավարությունը

ԱՄՆ - Բարաք Օբաման թողնում է ամբիոնը իր հրաժեշտի ելույթից հետո, Չիկագո, 10-ը հունվարի, 2017թ․

Բոլոր ցուցանիշներով այս յոթ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներն առաջընթաց է գրանցել, երեկ իր հրաժեշտի ելույթում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

«Երկիրը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից, ստեղծվել են նոր աշխատատեղեր։ Ոչնչացվել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչները։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ Միացյալ Նահանգները նոր էջ է բացել Կուբայի հետ շփումներում», - հայտարարել է Օբաման։

Նա հորդորել է ամերիկացիներին պաշտպանել ժողովրդավարությունը՝ ժողովրդավարության գլխավոր սպառնալիքների թվում նշելով ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը:

ԱՄՆ նախագահը նաև ամբիոնից դիմել է իր կնոջը՝ Միշել Օբամային, ասելով․ - «Վերջին 25 տարվա ընթացքում դու եղել ես ոչ միայն իմ կինն ու երեխաներիս մայրը, այլև իմ լավագույն ընկերը։ Ես հպարտանում եմ քեզնով: Ողջ երկիրն է հպարտանում քեզնով»:

Ութ տարի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցրած Բարաք Օբաման այն կթողնի հունվարի 20-ին, երբ տեղի կունենա 2016 թվականի նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը:

Մանրամասներն՝ ավելի ուշ