Ալիևն անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսօր կառավարության նիստում անդրադառնալով 2016-ի ապրիլյան իրադարձություններին, «պատմական հաղթանակ» է որակել 4 օր շարունակված պատերազմական գործողությունները:

«Հակահարձակման արդյունքում մեր բանակը թշնամուն հուժկու քայքայիչ հարված է հասցրել, հազարավոր հեկտարներ ազատագրել: Ապրիլյան մարտերը՝ մեր փայլուն հաղթանակն է, բացի այն, որ մենք ևս մեկ անգամ ցուցադրեցինք ադրբեջանական պետության ուժը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Հիշեցնենք՝ ապրիլյան պատերազմի հետևանքով երկու կողմից էլ բազմաթիվ զոհեր եղան, ադրբեջանական կողմին հաջողվեց շուրջ 800 հեկտար տարածք գրավել, որը, հայկական կողմի գնահատմամբ, մեծ ռազմավարական նշանակություն չուներ:

Ալիևը նաև հայտարարել է, որ 2016 թվականին Ադրբեջանի միջազգային դիրքերն ամրապնդվել են: - «Աճել է մեր ընկերների թիվը, իսկ մեր չարակամները՝ ուժեր որոնք պարբերաբար մեր դեմ արշավներ են կազմակերպում, հեռանում են քաղաքական դաշտից», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ կրկին անգամ պնդելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: