Ամերիկան մարդու իրավունքների ոտնահարումների մեղադրանքով պատժամիջոցներ է սահմանել է հինգ ռուսաստանցիների նկատմամբ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ ֆինանսական պատժամիջոցների և վիզաների արգելքի են ենթարկվում Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, քննիչ Ստանիսլավ Գորդիևսկին, գործարար Դմիտրի Կովտունը, Պետական դումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը և չարաշահումների մասին Hermitage Capital ներդրումային հիմնադրամի իրավաբանների զեկույցում նշված Գենադի Պլակսինը:
Այս նոր պատժամիջոցները կապ չունեն հաքերային սկանդալի հետ: Ֆինանսների նախարարությունը դրանք սահմանել է «Մագնիտսկու օրենքով»:
Hermitage Capital հիմնադրամը ժամանակին քննչական կոմիտե է ուղարկել հատուկ զեկույց հարկային համակարգում 2006-2007 թվականներին կատարված մոտ երեք միլիարդ ռուբլու յուրացումների մասին:
2008 թվականի նոյեմբերի 24-ին ոստիկանները, իրավապաշտպանների համոզմամբ՝ շինծու մեղադրանքով, ձերբակալել են Hermitage Capital-ի իրավաբան և աուդիտոր Սերգեյ Մագնիտսկուն, ով մեկ տարի անց՝ 2009 թվականի նոյեմբերի 16-ին, կասկածելի հանգամանքներում մահացել է «Մատրոսսկայա տիշինա» բանտի մեկուսարանում:
Նրա մահվան մասին լուրը վրդովմունք է հարուցել ամբողջ աշխարհում: Միացյալ Նահանգներն ընդունել է «Մագնիտսկու օրենքը», որի նպատակն է պատժել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Կրեմլը խստորեն դատապարտել է ամերիկացիներին այդ օրենքն ընդունելու համար: Այսօրվա դրությամբ «Մագնիտսու օրենքով» ամերիկյան պատժամիջոցների է ենթարկվել 44 պաշտոնյա: Նրանց թվում ամենաբարձր պաշտոնները զբաղեցնում են Բաստրիկինը և Լուգովոյը:
Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինն, ըստ ամերիկացիների, անձամբ է ուղղորդել քննչական գործողությունները, որոնք իրականացվել են նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոսների նկատմամբ, իսկ Դումայի պատգամավոր Լուգովոյը, բրիտանացի իրավապահների համոզմամբ, անձամբ է 2006 թվականին Լոնդոնի հյուրանոցում ճառագայթող նյութով՝ պոլոնիումի իզոտոպով թունավորել և սպանել անվտանգության ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյին: Նրա հետ այդ գործով անցնում է նաև գործարար Կովտունը:
Մոսկվան այսօր արդեն վրդովմունքով է արձագանքել նոր պատժամիջոցներին: «Դա ևս մեկ քայլ է մեր հարաբերություններն արհեստականորեն վատթարացնելու ուղղությամբ», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք խորն ափսոսանք ենք հայտնում այն կապակցությմամբ, որ հենց Բարաք Օբամայի երկրորդ պաշտոնավարման ժամանակաշրջանում գրանցվեց մեր երկկողմ հարաբերությունների աննախադեպ և երկարատև վատթարացումը: Մենք համոզված ենք, որ դա չի բխում ո՛չ մեր և ո՛չ էլ Վաշինգթոնի շահերից: Միաժամանակ հուսով ենք, որ վաղ թե ուշ, ապագայում, Ամերիկայի հետ հարաբերությունները կհաջողվի տանել առավել դրական ուղղությամբ», - ասել է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի խոսնակը չի նշել, թե արդյոք Մոսկվան կպատասխանի «Մագնիտսկու ակտով» ամերիկացիների սահմանած նոր պատժամիջոցներին:
Ի դեպ, երեկ ամերիկացի սենատորներ Ջոն ՄըքՔեյնը և Բեն Քարդինը հայտարարել են, որ ի պատասխան ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հաքերային միջամտությանը, իրենք մտադիր են Սենատում ներկայացնել Ռուսաստանի նկատմամբ համապարփակ պատժամիջոցների օրինագիծ: