Էդմոն Մարուքյան․ ՀՀԿ-ն զոռբայությամբ գրավել է Վանաձորի քաղաքապետարանը

Նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան»-ինն է: «Հայկական վերածնունդ»-ը հայտարարում է, որ պաշտպանում են այն, սակայն դեռ հստակ չէ՝ կստորագրե՞ն դիմումը, թե՞ ոչ։ Փոխարենը «Բարգավաճ Հայաստան»-ից Վահե Էնֆիաջյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք պատրաստ են ստորագրել «Լուսավոր Հայաստան»-ի դիմումի տակ․ - «Դիմումի բովանդակության հետ մենք ծանոթացել ենք, և մեր համար ընդհանուր առումով այդ մոտեցումները ընդունելի են, և այս ճանապարհը կանցնենք միասին»:

Հոկտեմբերին անցկացված ընտրություններում Վանաձորի ավագանիում որևէ ուժ մեծամասնություն չստացավ, ինչից հետո ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները պայմանավորվեցին քաղաքապետ ընտրել «Լոսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին: Սակայն փակ քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ դարձավ իշխող Հանրապետականի թեկնածուն: Դրանից հետո ընդդիմադիրները որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը: Արդեն երեք ամիս է անցել, և, Մարուքյանի համոզմամբ, սա հիմք է, որ ավագանին լուծարվի։

«Օրենքը հստակ նախատեսում է, որ եթե ավագանին երեք ամիս անընդմեջ նիստեր չի գումարում, ոչ թե չի հրավիրում, այլ չի գումարում: Որովհետև իրենք նիստեր հրավիրել են, արտահերթ երկու նիստ է հրավիրվել և այդ նիստերը չեն գումարվել քվորումի բացակայության պատճառով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Ըստ էության, կա ճգնաժամ, կա ճգնաժամի լուծում: Հիմա այդ ճգնաժամի լուծման բանալին գնտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռքում»:

Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Ազատության» հետ զրույցում հակադարձեց, թե նոր ընտրությունների համար հիմք չկա, քանի որ մեկ նիստ գումարվել է, ուստի Կառավարություն դիմելն իմաստ չունի․ - «Կառավարությանը իրավունք է վերապահվում․ եթե հերթական նստաշրջանը երեք ամիս ավագանին նիստ չի գումարում, ապա Կառավարությունը կարող է կրճատել լիազորությունները: Իսկ անցած հերթական նստաշրջանում մենք նիստ արդեն իսկ գումարել ենք»:

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, թե Վանաձորում քաղաքական ճգնաժամ կա՝ հավելելով, որ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը «մանդատագողության» արդյունքում է ընտրվել, հրաժարական չի տալիս, իսկ ավագանու նիստեր չի կարողանում անցկացնել՝ ընդդիմադիրների բոյկոտի պատճառով․ - «Հանրապետական կուսակցությունը զոռբայությամբ գրավել է Վանաձոր քաղաքի քաղաքապետարանը, որի պատճառով քաղաքը տուժվում է: Իսկ ինչո՞ւ հարցը այս ձևով չի ձևակերպվում: Ես Ձեզ ասեմ, որ այդ հարցը այդպես է ձևակերպված Վանաձոր քաղաքում և ամբողջ հանրապետությունում»:

Երկու կողմերն էլ պնդում են, որ օրենքով իրենք են ճիշտ: Վերջնական որոշումը Կառավարությունը պետք է կայացնի: Դիմումը, ամենայն հավանականությամբ, գործադիրին կհանձնվի վաղը: Մարուքյանն ասում է, որ եթե դիմումը մերժվի, հնարավոր է նաև դատարան դիմեն։