ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 9-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին` ԻԻՀ նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հայ ժողովրդի հիշողության մեջ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին կմնա որպես հարևան երկրի նախագահ, որի պաշտոնավարման օրոք են հաստատվել առաջին միջպետական կապերը նորանկախ Հայաստանի և Իրանի միջև` նոր շունչ հաղորդելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին: Այդ տարիներին ստեղծված ամուր հիմքի վրա այսօր շարունակում ենք ընդլայնել և խորացնել մեր փոխգործակցությունը», - ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: