Սուրիկ Խաչատրյանը «հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով»

Խաչատրյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել իր հրաժարականը։

Սուրիկ Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով է հրաժարական տվել իշխող Հանրապետականի Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական վարչության ղեկավար Ռուբեն Թադևոսյանը: Վերջինս պնդեց, թե որևէ պարտադրանք Խաչատրյանի վրա չի եղել:

Նկատենք, Սուրիկ Խաչատրյանն, ով 2016-ին իր դիմումի համաձայն հրաժարական տվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից, ավելի քան տասը տարի ղեկավարում էր ոչ միայն մարզը, այլ Հանրապետականի մարզային կառույցը: Սակայն, ապրիլին 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհուրդը այսուհետև կղեկավարի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով այդ պաշտոնում ընտրվել է միաձայն:

«Ազատություն». - Պարոն Թադևոսյան, Կապանում նիստ է հրավիրվել, որտեղ որոշում է կայացվել, որ Սյունիքի Հանրապետականի տարածքային կազմակերպության ղեկավարը կլինի ոչ թե Սուրիկ Խաչատրյանը, այլ մարզպետը՝ Վահե Հակոբյանը, ինչո՞ւ նման որոշում կայացվեց։

Թադևոսյան. - Որովհետև մինչ այդ եղել էր Սուրիկ Խաչատրյանի դիմումը կուսակցության նախագահին, որպեսզի դադարեցնի իր լիազորությունները Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։

«Ազատություն». - Դա հենց ի՞ր անձնական ցանկությունն է։

Թադևոսյան. - Այո, առողջական խնդիրների պատճառով, քանի որ պետք է բուժվի, ժամանակ չի կարողանում... այդպես հիմնավորեց, մենք էլ հարգեցինք իր որոշումը։ Բնականաբար, կառույցը պետք է ունենար նաև նախագահ և հարմար գտնվեց, որ կառույցը ղեկավարի կուսակցության անդամ, մարզպետ Վահե Հակոբյանը։

«Ազատություն». - Արդյո՞ք սա պատրվակ չէր, հաշվի առնելով, որ նա նաև զրկվեց մարզպետի պաշտոնից, հիմա նաև նախընտրական այս թեժ շրջանում...

Թադևոսյան. - Այդպիսի բաներ մի փնտրեք, Սուրիկ Խաչատրյանը մնում է կուսակցությունում, նա իր տեղն ու դերը ունի, ես այդ մասին նաև նախորդ նիստում եմ ասել։

«Ազատություն». - Պարոն Թադևոսյան, Դուք բացառո՞ւմ եք, որ պարզապես հեռացնելով նախ մարզպետի պաշտոնից, ապա տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից իշխող Հանրապետականը փորձում է, կարծես թե, ձերբազատվել այնպիսի մի կադրից, ինչպիսին Սուրիկ Խաչատրյանն է, ով ներգրավված է բազմաթիվ սկանդալային, աղմկահարույց նաև քրեական պատմությունների մեջ։

Թադևոսյան. - Համաձայն չեմ, որ կուսակցությունն առաջնորդվել է Ձեր ասած արգումենտացիայով, պետք չէ բաներ փնտրել՝ թե սա է, նա է։

«Ազատություն». - Այսինքն՝ Սուրիկ Խաչատրյանին չե՞ն ստիպել հեռանալ։

Թադևոսյան. - Իհարկե չեն ստիպել, ինչո՞ւ պետք է ստիպեն, ո՞րն էր դրա անհրաժեշտությունը։

«Ազատություն». - Որպեսզի նա ընտրություններում ներգրավված չլինի որևէ կերպ

Թադևոսյան. - Դա Ձեր մեկնաբանությունն է։

«Ազատություն». - Պարոն Թադևոսյան, նա ինչ-որ մասնակցություն կունենա՞ ընտրական գործընթացներին, թե՞ ամբողջովին դուրս է գալիս։

Թադևոսյան. - Բնական է, որ կունենա, բնական է՝ կունեա։ Իր ժամանակի և իր առողջության թույլատրելի սահմաններում բնական է՝ կունենա։

«Ազատություն». - Սուրեն Խաչատրյանը, ով բավական երկար տարիներ էր մարզպետի պաշտոնը զբաղեցնում, մշտապես Հանրապետականի համար բավական մեծ թվեր էր ապահովում ընտրությունների ընթացքում, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նրան այդ պաշտոնից հեռացնելով Հանրապետականի ձայները չեն պակասի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Թադևոսյան. - Հարգելիս, ձայներ բերում են կազմակերպության բոլոր անդամները, մենակ Սուրիկ Խաչատրյանի լուման չէր՝ բոլոր շարքայինների, մեր կառույցների, կուսակցության անդամների աշխատանքի արդյունքում է այդ ձայները հավաքվում, և այդ ամեն ինչը պայմանավորված չէ մենակ մեկ անձով։

«Ազատություն». - Ի՞նչ եք կարծում, Վահե Հակոբյանին կհաջողվի՞ հաղթանակ ապահովվել իշխող Հանրապետականի համար։

Թադևոսյան. - Կարծում եմ՝ այո, կհաջողվի, թիմային աշխատանքի արդյունքում է ամրագրվում ընտրությունների արդյունքները։

Նկատենք, որ Սուրիկ Խաչատրյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ընդհանրապես հրաժարվեց խոսել իր հրաժարականի պատճառների մասին, ընդամենը ուրախ Նոր տարի մաղթեց և անջատեց հեռախոսը։

«Ազատություն». - Ո՞րն էր պատճառը, ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք։

Խաչատրյան. - Ես, Ռուզաննա, Ձեզ ասելու ոչ մի բան չունեմ։ Ուրախ Նոր տարի եմ մաղթում Ձեզ, լավ լինեք, էլ ասելու բան չունեմ։

Ի դեպ, անցած տասը տարիների ընթացքում Սուրիկ Խաչատրյանը մշտապես բարձր տոկոսներ է ապահովել իշխող Հանրապետականի համար: Ընդդիմադիրների համոզմամբ, այս առումով նա անփոխարինելի էր իշխանությունների համար:

Հիշեցնենք,2012 խորհրդարանական և 2013-ի նախագահական ընտրություններում Սյունիքի մարզում Հանրապետականի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել էր ընտրողների մոտ 60 տոկոսը:

2016-ի հոկտեմբերից, այսինքն, մոտ 3 ամիս Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող 46-ամյա Վահե Հակոբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ իրեն նույնպես կհաջողվի մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ ապահովել իշխող ուժի համար:

«Ազատություն». - Հաշվի առնելով, որ Սուրիկ Խաչատրյանն ավելի քան տասը տարի եղել է մարզպետ, նաև ղեկավարել է տարածքային կառույցը և նա մշտապես աչքի է ընկել իշխող Հանրապետականին բերած ձայներով։ Արդյո՞ք Ձեզ կհաջողվի նույնն իրականացնել այդ պաշտոնում։

Հակոբյան. - Ես հույսով եմ, որ ինձ կհաջողվի։ Համոզված եմ, որ հաջողվելու է։

«Ազատություն». - Այսինքն Դուք կկարողանա՞ք ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ ապահովել գոնե այդ մարզում իշխող Հանրապետականի համար։

Հակոբյան. - Ինչո՞ւ՝ գոնե այդ մարզի։

«Ազատություն». - Հաշվի առնելով, որ Դուք հենց այդ մարզի տարածքային կառույցի ղեկավարն եք։

Հակոբյան. - Այո, և Հանրապետական կուսակցության անդամ, բնականաբար, և ինձ թվում է, որ տրամաբանական է լինելու, եթե ես բոլոր ջանքերը, որպես կուսակցության անդամ և մարզային խորհրդի նախագահ, կիրառեմ, որպեսզի ապահովեմ այդ հաղթանակը։

«Ազատություն». - Սուրիկ Խաչատրյանը կներգրավվի՞ ընտրական գործընթացներում, թե՞՝ ոչ։

Հակոբյան. - Ես առայժմ չեմ կարող ասել։

«Ազատություն». - Մամուլը գրում էր, որ «կարծես թե Խաչատրյանը, ստվերում գործելով, Ձեր դեմ է իրականում գործում», կա՞ նման բան, և Դուք կարո՞ղ եք դիմագրավել։

Հակոբյան. - Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, Սուրիկ Խաչատրյանը որևէ կերպ չի խոչընդոտում որևէ իմ գործունեությանը, ասեմ Ձեզ ինչ-որ տեղ անգամ հակառակը՝ առաջարկում է իր ներուժը, փորձը, որը հնարավոր կլինի իմ կողմից նույնպես օգտագործել։