«Ապրիլից բխում են երկու կարևոր զարգացումներ, առաջինը, դուր է գալիս մեզ, թե՝ ոչ, Ադրբեջանին առաջին անգամ հաջողվեց գրավել տարածքներ, երկրորդը, որն ավելի շատ ներքին կարևորություն ունի, բացահայտումն էր, որ կոռուպցիան ազգային անվտանգության համար սպառնալիք է հանդիսանում, ու այժմ դա ավելի մեծ նշանակություն ունի, այն ապրիլին կայանալիք ընտրություններից առաջ նաև ձևավորում է բանավեճի օրակարգ», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դասեր կարող էր քաղել Հայաստանն ապրիլյանի պատերազմից։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հարցը ռազմական ճանապարհով լուծելն անհնար է։
«22 տարի Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմին, վերջին չորս-հինգ տարվա ընթացքում ծախսել էր մոտ 20 միլիարդ դոլար, բավականին գրագետ էր անցկացված օպերացիան։ Ամենայն հավանականությամբ օպերացիան ծրագրել էին, այսպես ասած, խորհրդականներ այլ երկրներից։ Բավական ներկայանալի էր տեխնիկան։ Ի տարբերություն ղարաբաղցիների, Ադրբեջանը կռվում էր հատուկ ջոկատայիններով։ Շատ գրագետ էր առաջ քաշում զորքերը՝ աստիճանաբար վրա հասնելով ավելացնում էր լարվածությունը և հատուկ ջոկատայիններին հետ չէր քաշում հերթական միջադեպից հետո։ Այս ամենի արդյունքն իրականում ընդամենը երկու կարտոֆիլի դաշտ է, պատկերացնել, որ Ադրբեջանի նպատակն այդ աննշան տարածքների գրավումն էր, հավանական չի թվում։ Ես իհարկե համաձայն եմ Ռիչարդի հետ՝ շատ դասեր եղան և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը փորձում են շտկել այն, ինչ պետք է շտկել։ Ընդհանուր առմամբ գլխավոր դասը ես այսպես կձակերպեի՝ հավասարակշռություն կա, հարցը ռազմական ճանապարհով լուծելը ստացվում է՝ անհնար է», - ասաց Իսկանդարյանը։
Ապրիլյան պատերազմի ընթացքում, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, պարզ դարձավ, որ առաջին պատերազմից հետո՝ խաղաղության երկու տասնամյակի ընթացքում, հայաստանյան ռազմաքաղաքական էլիտան հիմնականում հանգստացել է առաջին պատերազմի դափնիների վրա։
«Եթե չլիներ անմիջականորեն զինվորների խիզախությունը, կամավորների, հասարակության աջակցությունը, սպաները՝ առաջին գծում կանգնած, ես կարծում եմ, որ պատերազմի հետևանքը կարող էր շատ ավելի ծանր լիներ Հայաստանի համար։ Եվ այս առումով, գլխավոր դասը պետք է լինի այն, որ ռազմաքաղաքական էլիտան իր՝ թե՛ կառավարման արդյունքով, և թե՛ ընդհանրապես մտածողության որակներով պետք է մի քիչ ավելի, մեղմ ասած, համարժեք դառնա այն մարտահրավերներին, որ կանգնած են Հայաստանի առաջ նաև ապրիլյան պատերազմից հետո, որովհետև ի վերջո, մենք սկսում ենք ինչ-որ իմաստով երկրորդ ցիկլը, և ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակելու է պատրաստվել մի նոր ապրիլի՝ դա կլինի տասը օր հետո, տասը տարի հետո, թե քսան տարի հետո։ Եվ այս առումով, կարծում եմ, որ գլխավոր դասը պետք է քաղի հենց ռազմաքաղաքական էլիտան, ցավոք, չակերտավոր էլիտան առայժմ», - ասաց Բադալյանը։
«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 1-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․