Արամ Առաջինը Սիրիայում կհանդիպի նաև հալեպահայերի հետ

Արամ Առաջինի հանդիպումը Բաշար ալ-Ասադի հետ, 5-ը հունվարի, 2017թ.

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Արամ Առաջինը, Հալեպի «Գանձասար» թերթի փոխանցմամբ, երեկ է Անթիլիասից հատուկ պատվիրակությամբ Սիրիա ժամանել։

Սիրիական սահմանին Արամ Առաջին կաթողիկոսին Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Բերիո թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյան ու բարձրաստիճան հոգևորականներ են դիմավերել։

Ասադի հետ Արամ Առաջինի հանդիպումը շուրջ մեկ ժամ է տևել, որի ընթացքում Սիրիայի նախագահը երկրի վերջին հինգուկես տարիների կացության, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների մասին է խոսել։

Վեհափառ Հայրապետը ողջունել է Հալեպից ներս խաղաղության վերահաստատումն ու մաղթել, որ խաղաղություն հաստատվի ողջ Սիրիայի տարածքում։

Նորին Սրբությունը խոսել է նաև թուրք-սիրիական հարաբերությունների, ինչպես նաև հայ համայնքի խնդիրների մասին։ «Երկրի բարեկարգման ու վերականգնման գործընթացին, որ շուտով պետք է սկսվի, գործուն մասնակցություն պետք է բերեն բոլոր համայնքները, այդ թվում՝ հայ համայնքը», - «Գանձասար»-ի փոխանցմամբ, ասել է Արամ Առաջինը։

Թերթն ի դեպ Ասադի ու Արամ Առաջինի այս հանդիպումը պատմական է համարում։

Դամասկոսահայ համայնքի հետ հանդիպմանը հաջորդելու է հալեպահայ համայնքի հետ հանդիպումը։ Եկեղեցական ու ժողովրդական թափորը Արամ Առաջինին այսօր կդիմավորի Աստվածածին եկեղեցու մոտ։ Նույն եկեղեցում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը վաղը պատարագ կմատուցի, որը կհեռարձակվի տեղական ռադիոյով։

Հալեպահայ Մայդա Բակկալյանի փոխանցմամբ, տեղի հայերը մեծ ոգևորությամբ են սպասում այս հանդիպմանը։

«Դամասկոսում նախագահի հետ հանդիպեցին, շատ լավ բաներ խոսեցին իրար հետ, վաղը սուրբ պատարագը Աստվածածին եկեղեցում ինքը պետք է պատարագի, բոլոր հայությունը պետք է գնա, ովքեր որ կանք, աջը համբուրենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բակկալյանը։

Հարցին, թե Արամ Առաջինի հետ ի՞նչ հույսեր են կապում, Բակկալյանը պատասխանեց. - «Չգիտեմ շնորհավորության այցելում էր, թե՞՝ ոչ, բոլոր հայ ժողովրդին օգուտ պետք է լինի՝ դպրոցների շինարարություն, եկեղեցիներում շինարարության, վաղն արդեն կասի»։

Հալեպահայ կնոջ խոսքով՝ վերջին շրջանում Հալեպում խաղաղ է ու քաղաքի փողոցներով իրենք ավելի հանգիստ են շրջում։ Քանդված շինություններն էլ սկսում են վերականգնվել։ Լույսի ու վառելանյութի խնդիր, սակայն, դեռ առկա է։

«Դեռ մի քանի ժամ երեկ ջուր, հոսանք եկել է, բայց մեր կողմերը դեռ ոչ։ Այսօր ինչ-որ կառավարությունը մեզ կտա, այն մեզ չի բավարարի, ուրեմն ամեն օր չեմ կարող տաքացնել տունս, բայց շուկայում ամեն ինչ կա, օրերս գնումների գնացի, բոլոր խանութները վերանորոգման մեջ են, ժողովուրդը շուկա է գնում, այն խանութները որոնք վնաս չեն կրել, բոլոր խանութները բաց էին, ժողովուրդն ուրախ էր», - ասաց Բակկալյանը։