Անցած՝ 2016 թվականի հոգևոր-մշակութային ամենախոշոր իրադարձությունը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը կամ ուխտագնացությունն էր Հայաստան, որը նոր-նոր էր ուշքի գալիս ապրիլյան քառօրյա պատերազմից, իսկ առջևում դեռ հուլիսյան արյունոտ իրադարձություններն էին:
Հռոմի Պապը խաղաղություն, բարօրություն ու սեր էր քարոզում իր եռօրյա ուխագնացության ժամանակ, աղոթում Աստծուն ողջ մարդկության համար: Այդ երեք օրերի ընթացքում իսկական ուրախության ու բարության մի զարմանալի զգացողություն էր կախված օդի մեջ, մթնոլորտն ամբողջովին փոխվել էր, այնպես, ինչպես՝ առատ ձյուն տեղալուց հետո:
Գրական ասպարեզ․ մեր գրողներն արդեն որերորդ տարին է՝ դժգոհում են, որ հրաշալի գրքեր են տպագրվում, բայց մեր հասարակութունն այլևս ընթերցող հասարակություն չէ, գրքեր չեն գնում: Իրականում, սակայն, գրքերն, այնուամենայնիվ, գնվում են: 2016 թվականին փոխվեց նաև Մշակույթի նախարարը: Մոտ 10 տարի պաշտոնավարած Հասմիկ Պողոսյանին հաջորդեց Արմեն Ամիրյանը: Նա ասաց, որ գրահրատարակչության հետ կապված նոր նախագծեր ունի:
Հայաստանի մշակութային կյանքն անցած տարվա ընթացքում շատ աշխույժ է եղել: Անընդմեջ ցուցահանդեսներ են բացվել տարբեր թանգարաններում և ցուցասրահներում, դասական երաժշտության փառատոներ ու համերգներ են կայացել տարբեր համերգասրահներում, թատրոններն էլ թե՛ նոր պիեսներ են բեմադրել, թե՛ ներգրավվել թատերական փառատոներում:
Այս առումով հիշարժան է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերաբացումը՝ մոտ եռամյա հիմնանորոգումից հետո, նաև Սունդուկյանի թատրոնի վերաբացումը: Իսկ օպերային թատրոնն էլ ոչ միայն նոր տնօրեն ունեցավ, այլև նոր գեղարվեստական ղեկավար: Նոր գեղղեկավար ունի նաև Համազգային թատրոնը:
Նյութն ամբողջությամբ կարող եք ունկնդրել, սեղմելով աջ կողմում տեղադրված հղումը: