Իրանի կառավարությունը հաստատել և հրապարակել է եվրոպական ու ասիական էներգետիկ 29 ընկերությունների ցանկը, որոնք կարող են մասնակցել էներգակիրներով հարուստ այդ երկրի նավթի և գազի արդյունահանման ծրագրերին:
Այսօր Իրանի նավթի նախարարությունը հայտնել է, որ շուտով Ազգային նավթային ընկերությունը մրցույթ է հայտարարելու էներգակիրների հետազոտման և արդյունահանման համար:
Սա հնարավոր է դարձել Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Թեհրանի և աշխարհի վեց հզոր երկրների միջև 2015-ին ձեռք բերված պատմական համաձայնության շնորհիվ:
Իրանի կառավարության հաստատած ցանկում են անգլո-հոլանդական «Շելլ» ընկերությունը, իտալական ENI-ն, ռուսական «Գազպրոմ»-ն ու «Լուկօյլ»-ը:
Ասիական երկրներից Իրանում աշխատելու հնարավորություն են ստացել չինական, ճապոնական, հարավկորեական և մալայզիական էներգետիկ ընկերություններ:
Թեհրանի և միջազգային ընկերությունների միջև անցած տարեվերջին արդեն մի շարք նախնական համաձայնագրեր էին ստորագրվել: Մասնավորապես, 4 միլիարդ 800 միլիոն դոլարի հասնող նախնական համաձայնագրեր են ստորագրվել Պարսից ծոցի առափնյա հատվածում գազի հանքավայրերում իրականացվելիք ծրագրերի համար: Իսկ դեկտեմբերին «Գազպրոմ»-ի հետ հուշագիր է ստորագրվել նավթի երկու խոշոր հանքավայրերի շահագործման համար: