ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները փոխանցվել են Վալերի Սեմերիկովին

Վալերի Սեմերիկով, արխիվ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պարտականությունները հունվարի 1-ից փոխանցվել են նրա տեղակալ Վալերի Սեմերիկովին։

Ինչպես հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը, որոշումը կայացվել է ՀԱՊԿ խորհրդի՝ դեռևս 2015-ի դեկտեմբերի 21-ի որոշման հիման վրա, որով Նիկոլայ Բորդյուժայի պարտականությունները երկարաձգել էին ևս մեկ տարով՝ մինչև 2017-ի հունվարի 1-ը։

Թե որքան ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Վալերի Սեմերիկովը, կառույցի պաշտոնական էջը չի հաղորդում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռ 2015-ին ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, սակայն որոշում էր կայացվել հարցը մեկ տարով հետաձգել:

Անցած հոկտեմբերին ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում հայտարարվեց, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կլուծվի հաջորդ՝ սանկտպետերբուրգյան գագաթնաժողովին: Այստեղ էլ, սակայն, հարցը չքննարկվեց:

Իսկ վերջերս Նիկոլայ Բորդյուժան լրագրողներին ասել էր, որ ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը կդիտարկվի գալիք ապրիլին կայանալիք գագաթնաժողովին։

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն «Ազատությանը» ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության համար նախկինում ընդունված որոշումն ուժի մեջ է․ - «Որոշումը, որ այբբենական կարգով է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման հերթականությունը ըստ երկրների, չի փոխվել: Հայաստանը դեռևս սպասում է իր հերթին, իր ներկայացուցչի միջոցով գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնելուն»:

Ինչ վերաբերում է Բորդյուժայի պարտականությունների փոխանցմանը նրա տեղակալին, ապա դա, ըստ Զաքարյանի, «ներքին ընթացակարգ է»:

Հարցին, թե կարելի է հուսալ, որ գոնե այս տարի Հայաստանը կստանձնի իր այդ պարտականությունները, իշխող Հանրապետականի ներկայացուցիչը պատասխանեց․ - «Ես չեմ կարծում, որ մեր համար իդեա ֆիքս է․․․ Դա ՀԱՊԿ֊ի խնդիրն է, և ՀԱՊԿ-ը պետք է հարգի իր որոշումները: ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է հարգեն իրենց կողմից կայացվող որոշումները: Մենք հուսով ենք, որ այդ որոշմանը անդրադարձ անպայման կլինի ապագայում»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Բորդյուժայի պաշտոնավարումը կարող էր և երկարաձգվել, բայց դրա հետ կապված լուրջ առարկություններ կան ռազմաքաղաքական դաշինքի անդամ երկրհների միջև։ Մասնավորապես, դրան դեմ է Ղազախստանը։

Ինչո՞ւ է Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում շարունակում մնալ չլուծված. hատկապես վերջին շրջանում հայաստանյան փորձագետների շրջանում այս հարցը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել։

Ստեփան Գրիգորյանի կարծիքով, դրան դեմ է ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանը, որն էլ խոչընդոտում է Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը՝ ազդելով ՀԱՊԿ անդամ իր գործընկերների վրա․ - «Պարզ է, որ գլխավոր քարտուղարը պետք է ընդհանուր շահերը պաշտպանի ՀԱՊԿ երկների, բայց, այնուամենայնիվ, բոլորս հասկանում ենք, չէ՞, որ եթե Ադրբեջանը սկսի պատերազմական գործողություն, հայ գեներալը ավելի մեծ շանսերով աղմուկ կբարձրացնի»:

Նիկոլայ Բորդյուժան, հիշեցնենք, ընդամենը օրեր առաջ արձագանքել էր Հայաստանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությանը՝ այն գնահատելով «սադրանք ՀԱՊԿ անդամ պետության տարածքում»։

«Ադրբեջանին, փաստորեն, մինչև օրս հաջողվել է իր ցանկությունն իրագործել ՀԱՊԿ-ում», - շարունակում է քաղաքագետ Գրիգորյանը՝ հիշատակելով վերջին մեկ տարվա ընթացքում ռազմաքաղաքական դաշինքի երկու վերջին գագաթնաժողովները, որտեղ անսպասելիորեն հետաձգվել է Հայաստանի ներկայացուցչի նշանակումը։

Քաղաքագետը կարծում է, որ գալիք ապրիլին ևս այս հարցը լուծում չի ստանա․ - «Հայաստանի գործող իշխանությունները այդ կառույցում իրենց չեն պահում որպես սուվերեն պետության ներկայացուցիչներ»:

Քաղաքագետ Միքայել Զոլյանը նույնպես կանխատեսում է, որ մոտ ապագայում Հայաստանի ներկայացուցիչը չի ստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ վերապահումներ ունեն Հայաստանի հարցում. Հայաստանի համար էլ միանշանանակ չէ այդ պաշտոնը ստանձնելը․ - «Իհարկե, իշխանությունների համար մի քիչ պրեստիժի խնդիր ա, որ Հայաստանի ներկայացուցիչը մինչև հիմա չի դարձել [ՀԱՊԿ գլխավոր քարտուղար], բայց, մյուս կողմից, Հայաստանի համար ՀԱՊԿ-ում ղեկավար դեր ստանձնելը այնքան էլ ցանկալի չէ, որովհետև պարզ չէ, թե ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններն ինչպես կզարգանան, և ՀԱՊԿ-ում ղեկավար դեր ստանձնելով Հայաստանը կարող է հայտնվել այդ հարաբերությունների կիզակետում»: