«Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգներում անցանկալի անձ հայտարարված 35 ռուսաստանյան դիվանագետներն այսօր «Ռոսիա» թռիչքային ջոկատի հատուկ օդանավով ժամանել են Մոսկվա:
Անցած հինգշաթի օրը ԱՄՆ վարչակազմը հաքերային հարձակումներ կազմակերպելու համար պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի մի շարք քաղաքացիների, ձեռնարկությունների ու գերատեսչությունների նկատմամբ: Պատժամիջոցները տարածվում են նաև Անվտանգության դաշնային ծառայության և Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության վրա:
Միաժամանակ անցանկալի անձ են հայտարարվել Վաշինգթոնում և Սան Ֆրանցիսկոյում աշխատող 35 ռուսաստանցի դիվանագետներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկը՝ համարժեք քայլով Ռուսաստանից արտաքսել 35 ամերիկյան դիվանագետների:
Երեկ Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ապագա մամուլի քարտուղար Շոն Սփենսըրը չէր բացառել, որ, արտաքսելով ռուսաստանցի դիվանագետներին, Սպիտակ տունը անհամաչափ է գործել: