Թրամփը հայտարարել է, թե ռուսական հաքերային հարձակման մասին նոր տեղեկատվություն ունի

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ինքը նոր տեղեկատվություն ունի ամերիկյան ընտրությունների ընթացքում ռուս հաքերների ենթադրյալ միջամտության վերաբերյալ և մտադիր է հաջորդ շաբաթ հրապարակել այն:

Ֆլորիդայում հրավիրած իր ամանորյա խնջույքի ժամանակ լրագրողների հետ ունեցած կարճատև զրույցում Թրամփը, արձագանքելով ռուսական ենթադրյալ հաքերային հարձակումների մասին հարցին, պատասխանել է. - «Ես գիտեմ բաներ, որոնց մասին մարդիկ չգիտեն» և «դուք էլ այդ մասին կիմանաք երեքշաբթի կամ չորեքշաբթի»:

Նա նաև ասել է, որ շարունակում է կարծել, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պաշտոնյաների էլեկտրոնային նամակագրությունը հրապարակած հաքերները Ռուսաստանի հետ կապ չունեն:

Անցյալ շաբաթ ԱՄՆ իշխանությունները 35 ռուս դիվանագետների արտաքսեցին ամերիկյան ընտրություններում ռուս հաքերների ենթադրյալ միջամտության առնչությամբ և նոր պատժամիջոցներ սահմանեցին ռուսաստանյան անվտանգության ծառայությունների նկատմամբ:

Ամերիկյան անվտանգության ծառայությունները ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց կարծիքով Մոսկվան հրահանգել է հաքերներին քայլեր ձեռնարկել ընտրություններում Թրամփի հաղթանակը ապահովելու համար: