«Այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է ևս 4 կորուստ», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել էր մինչև 7 զոհ: Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, երկու օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական», - ընդգծում է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:
Հովհաննիսյանը նաև հիշեցնում է՝ «ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հաստատել է, որ իր տրամադրության տակ ունի անհերքելի ապացույցներ ադրբեջանական կողմի մեծ կորուստների վերաբերյալ»:
Այսօր հաղորդագրություն է տարածել նաև Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ հայտնելով, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշի սահմանագոտում տեղի ունեցած մարտերից հետո հայկական Զինված ուժերի մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈւ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի, որի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան գործողություններ:
Հիշեցնենք, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, թե «անհետ կորել է» ադրբեջանական ԶՈւ զինվոր Ղուրբանով Չինգիզ Սալման օղլուն: