Սիրիական կառավարությունն ու ընդդիմությունը հրադադարի համաձայնություն ստորագրեցին

Աստանայի բանակցությունները տեղի են ունենալու Ռուսաստանի և Թուրքիայի երաշխավորությամբ

Սիրիայում հրադադարի հաստատումն ու համապարփակ կարգավորման համար Աստանայում ընթանալիք բանակցությունները տեղի են ունենում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ նախաձեռնությամբ:

Սիրիական կառավարությունն ու ընդդիմությունը ստորագրել են երկրի ողջ տարածքում հրադադարի հաստատման մասին համաձայնություն, որն ուժի մեջ կմտնի այսօր կեսգիշերին։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հայտնել է Ռուսաստանի և Թուրքիայի երաշխավորությամբ երեք փաստաթղթի ստորագրման մասին, որոնցից մեկը վերաբերում է հրադադարի հաստատմանը, մյուսը՝ հրադադարի պահպանմանն ուղղված համալիր միջոցների ներդրմանը և երրորդը՝ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցային գործընթաց սկսելու պատրաստակամությանը։ «Բոլորս հասկանում ենք, որ ձեռք բերված համաձայնությունները շատ փխրուն են և պահանջում են հատուկ ուշադրություն, համբերություն, պրոֆեսիոնալ մոտեցում և մշտական կապ մեր գործընկերների հետ»,- ասել է Պուտինը։

Սիրիայի կառավարական բանակը ևս հայտարարել է այսօր կեսգիշերին երկրի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հաստատել է հրադադարի ստորագրման վերաբերյալ տեղեկությունը։ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան էջում գրել է՝ «Թուրքիան գոհ է, որ հակամարտող կողմերը համաձայնության են եկել»։

Ավելի վաղ Չավուշօղլուն թուրքական «Ահաբեր» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր՝ «Բոլորը պետք է պահպանեն հրադադարը, որպեսզի սիրիական ռեժիմն ու ընդդիմությունը հանդիպեն ու սկսեն աշխատել։ Ռուսաստանի հետ միասին այս ուղղությամբ ենք ջանքեր գործադրում՝ ստանձնելով երաշխավորի դերը»: Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել էր, թե Իրանի ներգրավվածության հարցն առայժմ հստակ չէ։

Նախօրեին Թուրքիան և Ռուսաստանը հայտարարեցին, որ եթե հաջողվի պահպանել զինադադարը, ապա սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները Թուրքիայի և Ռուսաստանի միջնորդությամբ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բանակցային սեղանի շուրջ կնստեն՝ հակամարտությանը քաղաքական լուծում տալու համար։

Մինչդեռ, պաշտոնական Անկարան հայտարարում է, որ չի հանդուրժի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը բանակցություններին։ «Մենք Ասադի հետ չենք բանակցելու և Ռուսաստանը տեղյակ է մեր դիրքորոշմանը։ Նախ պետք է հրադադար ապահովել։

Առանց դրա Աստանայի հանդիպումն իմաստ չունի։ Չգիտենք, թե սիրիական ռեժիմն ինչ մակարդակով է ներկայացված լինելու, սակայն, պայմանավորվածության համաձայն, երկու կողմերն իրենք են որոշելու պատվիրակությունների կազմը»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ քննարկում են, թե ովքեր են մասնակցելու Աստանայի բանակցություններին։

Թուրքական լրատվամիջոցները գրում են նաև, թե կողմերն Աստանայում կհանդիպեն հունվարին, սակայն, հանդիպման հստակ օրն առայժմ հայտնի չէ։