Բաքուն հրապարակում է «անհետ կորած» զինվորի անունը

Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին այսօր առավոտյան տեղի ունեցած մարտերի մասին՝ պնդելով, թե «Հայաստանի Զինված ուժերի հետախուզական խումբն» է փորձել խախտել սահմանը, բայց հայտնվել է ադրբեջանական ստորաբաժանումների դարանում և «ստիպված է եղել կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ կրելով նահանջել»:

«Բախման արդյունքում Ադրբեջանի ԶՈւ զինվոր Ղուրբանով Չինգիզ Սալման օղլուն անհետ կորել է: Միջոցներ են ձեռնարկվում նրա գտնվելու վայրը հայտնաբերելու կապակցությամբ», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր առավոտյան հաղորդեց Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, որը հայկական Զինված ուժերը չեզոքացրել են, հայկական կողմը տվել է երեք, ադրբեջանականը՝ առնվազն յոթ զոհ, որոնցից մեկի դիակը մնացել է ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի հատվածում: