Նարեկ Հախնազարյանը մեծ պատիվ է համարում այդ գործիքը նվագելը․ - «Իսկապես շատ մեծ իրադարձություն է իմ պրոֆեսիոնալ կյանքում: Այդպիսի գործիք ստանալը երազանք է յուրաքանչյուր երաժիշտի համար: Վերջին տարիներին անդադար որոնումների մեջ էի հովանավորի կամ ինչ-որ ֆոնդի, որը կտրամադրեր լավ գործիք, որը կհամապատասխաներ իմ արտիստիկ և երաժշտական չափանիշներին»:
Վերջապես Կանադայից մի հովանավորի շնորհիվ երիտասարդ թավջութակահարը հնարավորություն է ստացել ձեռք բերել այս գործիքը․ - «Սա տվել է մի անձ՝ ոչ հայ, չինացի։ Կանադացի չինացի մարդ, որը․․․ Հետաքրքիր պատմություն է՝ ինքն է ինձ գտել: Չնայած ես անընդհատ փնտրում էի, բայց այնպես ստացվեց, որ ես փնտրում էի և իրեն չգտա: Ինքը ինձ գտավ»:
Հարցին, թե ամենաշատը որ ստեղծագործությունը կցանկանար կատարել այդ գործիքով, Հախնազարյանն արձագանքեց․ - «Դա մի փոքր երգ է իսպանական, մեքսիկական՝ Մանուել Պոնսեի «Էստրելիտան»: Լեգենդար ջութակահար Յաշա Խեյֆիցը տրանսկրիպցիա է արել ջութակի համար, և ես տրանսկրիպցիա եմ արել թավջութակի և դաշնամուրի համար»:
Հախնազարյանն ասաց, թե ավարտվող տարում բազմաթիվ նոր երկրներում ու դահլիճներում է համերգներ ունեցել․ - «Ամենահիշվողներից կարող եմ նշել մենահամերգը Բուկինհեմյան պալատում, որտեղ արքայազն Չարլզը ներկա էր և շատ անդամներ թագավորական ընտանիքի: Առաջին անգամ գնացի Ավստրալիա՝ հյուրախաղերով: Նվագեցի Սիդնեյի լեգենդար օպերային թատրոնում, Մելբուռնում և այլն: Շատ հետաքրքիր պահերին 2016-ի դա հուլիսյան այցն էր Սերբիա՝ լեգենդար ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի անձնական հրավերով՝ իր ռուսական երաժշտության ֆեստիվալին»:
Վերջին տարիներին Մոսկվայում բնակվող Նարեկ Հախնազարյանն այժմ տեղափոխվել է Վիեննա, հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր բեմերում:
Ամանորյա տոներից անմիջապես Հախնազարյանը համերգներով հանդես է գալու Ամստերդամում և Բեռլինում: