Քաղաքացիները չեն հավատում հայտարարված զեղչերին

Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության, հայտարարված զեղչերը խիստ հարաբերական են և հաճախ շատ հեռու` իրականությունից:

Քաղաքացիները թերահավատ են Ամանորին ընդառաջ երևանյան խանութներում հայտարարված մեծ զեղչերի նկատմամբ: Ասում են` մի շարք ապրանքներ նախկինում էլ գնել են այսօրվա զեղչված գներով։

Թե որքանով են հայտարարված զեղչերը համապատասխանում իրականությանը, ուսումնասիրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը։ Ըստ կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանի՝ մեծ զեղչեր են հայտարարվել հատկապես էլեկտրոնիկայի և խմիչքի շուկաներում։ Զեղչված գները, սակայն, Պիպոյանի խոսքով, խիստ հարաբերական են։

«Զեղչ ասածը խիստ հարաբերական է, որովհետև օրինակ՝ նշվում է 120 հազար դրամ, որը զեղչվել է 140 հազար դրամից, բայց իրականում ամռանն այդ գնով հնարավոր էր ձեռք բերել տվյալ ապրանքը»,- ասում է ՀԿ-ի ղեկավարը: Նրա խոսքով, որոշակի զեղչային քաղաքականություն կա, սակայն, հիմնականում գներն ինչ-որ ժամանակ բարձրացրել են, ապա նորից իջեցրել նախկին մակարդակին։ Իսկ տոնական օրերին ընդառաջ, հատկապես բարձրացել են թե՛ ներմուծված, թե՛ տեղական գյուղմթերքի գները։

«Մի բան լավ գիտեմ՝ այսօր մեր իրականության մեջ իրական, լուրջ տեսանելի զեղչեր, որ մենք կարողանանք լուրջ և շոշափելի արդյունքեր տեսնել, առայժմ չունենք։ Մենք այսօրվա գինը համեմատում ենք մի քանի ամիս առաջ եղած գների հետ, դրա համար որևէ տարբերություն չենք նկատում»,- ասում է Բաբկեն Պիպոյանը: Ի դեպ, մի քանի սուպերմարկետներում «Ազատության» տեսախցիկն այսօր «որսացել է» գնապիտակներ, որոնց վրա նշված՝ զեղչված գները համապատասխանում էին նախկին գնապիտակում (ցուցանակից դեռևս չհեռացված) նշված թվերին:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենք ևս հայտարարված զեղչերի ուսումնասիրություն են իրականացրել և խախտումներ առայժմ չեն արձանագրել։