Օհանյանը հերքում է պնդումները, թե իրեն ուղղորդում են

Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախկին նախարարը հերքում է պնդումները, թե վերջին շրջանի իր գործունեությունն «իշխանական նախագիծ» է՝ հայտարարելով, որ քաղաքական հայտ ներկայացնելու իր որոշումը կայացրել է ինքնուրույն՝ «ելնելով երկրում ստեղծված ներքաղաքական, տնտեսական, բարոյական ճգնաժամից»:

Իր ֆեյսբուքյան էջում պաշտպանության նախկին նախարարը, մասնավորապես, գրել է՝ «Ցանկանում եմ հրապարակայնորեն պատասխանել իմ էլեկտրոնային փոստին ուղարկված և որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառվող հարցերին: Բոլոր հարցադրումներում կարմիր գծով անցնում է այս միտքը՝ արդյո՞ք ես համարվո՞ւմ եմ իշխանական նախագիծ: Սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում և պատասխանում եմ՝ ՈՉ:

Ուղղորդո՞ւմ են արդյոք ինձ ՀՀ առաջին, երկրորդ և գործող նախագահները: Ես՝ Սեյրան Օհանյանս, կրկնում եմ՝ քաղաքական հայտ ներկայացնելու որոշումը կայացրել եմ ինքնուրույն՝ ելնելով երկրում ստեղծված ներքաղաքական, տնտեսական, բարոյական ճգնաժամից: Վստահեցնում եմ ինձ հետ թիմ կազմող հայրենանվեր մարդկանց, քաղաքական գործիչներին, մարտական և զինակից ընկերներին, ովքեր քաղաքական պայքարում կանգնելու են իմ կողքին, որ մենք լինելու ենք ժողովրդի հետ՝ հանուն ազգային գաղափարների, նրա անվտանգության և խաղաղ արարումի:

Կուզեի նշել, որ իմ գործունեության ընթացքում զբաղեցնելով կարևորագույն պաշտոններ պետության բոլոր նախագահների օրոք՝ ծառայել եմ ոչ թե անձերին, այլ Հայաստանի Հանրապետությանը, ուստի անընդունելի եմ համարում «պրիմիտիվ» շահարկումները:

Ես առաջնահերթորեն անդրադարձել եմ ղարաբաղյան հակամարտությանը, որովհետև իմ՝ քաղաքականության մեջ հայտ ներկայացնելուց հետո Հայաստանից, Արցախից և սփյուռքից ինձ դիմող քաղաքական, զինվորական, գործիչների, հասարակական տարբեր շերտերի, տեղական և միջազգային լրատվամիջոցների կողմից հնչող համար մեկ հարցը եղել է իմ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ես՝ որպես ռազմական, այսուհետ նաև քաղաքական գործիչ, հրապարակային հայտնել եմ իմ տեսակետը՝ մեր ժողովրդի, պետության համար անկյունաքար հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Ես նորից եմ պնդում, որ Ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ և ոչ բարենպաստ լուծումը՝ անիմաստ զիջումների գնով, հարված է մեր պետականությանը: Պնդում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, համառ և արյունոտ պայքարի ընթացքում ձեռք բերելով իր անկախությունը, ձևավորել է պետություն, որը կոչվում է Արցախ, որն ունի իր Սահմանադրությունը, անվտանգությունն ապահովող զինված ուժերը, զարգացնում է պետական ինստիտուտները, տնտեսությունը և որպես պետություն փորձում է հայտ ներկայացնել աշխարհում հակամարտությունների արդյունքում իրենց անկախությունը նվաճած պետությունների կողքին»:

Իր հայտարարության մեջ Օհանյանն անդրադարձել է նաև ապրիլյան պատերազմին, մասնավորապես, նշելով՝ «Մեր հերոս ժողովուրդը, պաշտպանության բանակը, ողջ հրամանատարական կազմը արիաբար հետ են շպրտել հակառակորդին և պաշտպանել հայրենի հողը: Ապրիլյան պատերազմին ռազմական գնահատականներ տալու իրավունք ունեն ռազմական բոլոր այն գործիչները, որոնք տեղյակ են առաջնագծի, նրա առանձնահատկությունների, սպառազինության և բանակի իրական խնդիրներին: Որպես ռազմական գործիչ՝ ես չեմ խուսափում պատասխանել հարցերին, որոնք չեն պարունակում գաղտնիություն և ենթակա են հրապարակային քննարկման: Հաղթանակը տարել են զինվորն ու հրամանատարը, և չի կարելի քաղաքական առևտրի նյութ դարձնել առաջնագծում զոհված տղաների արյունը»: