Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել սիրիական հակամարտության կարգավորման ծրագրի շուրջ

Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Մոսկվայում, 20-ը դեկտեմբերի, 2016 թ․

Թուրքական «Անադոլու» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում իրավիճակը կարգավորելու մի ծրագրի շուրջ, որը նախատեսում է դեկտեմբերի 29-ի կեսգիշերից սկսած հրադադար հաստատել Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև:

Հաջողության դեպքում նախատեսվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բանակցություններ սկսել՝ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Ըստ գործակալության, ծրագիրն ահաբեկչական խմբավորումներին չի վերաբերում:

Վերջին օրերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ակտիվ քննարկումներ են իրականացրել նշված փաստաթղի շուրջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այն քննարկվել է նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ Մոսկվայում ավելի վաղ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ:

Հաղորդվում է նաև, որ Մոսկվան ու Անկարան մտադիր են հանդես գալ հրադադարի հաստատման ու բանակցային գործընթացի երաշխավորների դերում: