«Մոտավորապես 1 միլիարդ 460 միլիոն դոլարի տրանսֆերտներ: Այսինքն ավելի քիչ, քան 2009 թվականի ճգնաժամի ժամանակ: Այն ժամանակ շուրջ 1.6 միլիարդ դոլարի չափ տրանսֆերտներ էին ստացվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով, դեպի Հայաստան կատարվող փոխանցումների 60 տկոսոն արվում է Ռուսաստանից, և տրանասֆերտները նվազել են հատկապես ռուսաստանյան տնտեսական խնդիրների պատճառով: Հայաստանի կենտրոնական բանկի տվյալներով, այս տարվա առաջին 10 ամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել է մոտ 880 միլիոն դոլար՝ ավելի քան 13 տոկոսով պակաս նախորդ տարվա փոխանցումներից։
«Ռուսաստանից նվազել են 13.6 տոկոսով: Ըստ երկրների, ամենաշատը նվազել են Ղազախստանից՝ մոտավորապես 60 տոկոսով: Որոշ երկրներից ներհոսքը ավելացել է՝ Գերմանիայից, Ֆրանսիայից: Բայց իրենց ծավալը շատ քիչ է ու ընդհանուրի վրա մեծ ազդեցություն չի ունենում», - նշեց տնտեսական մեկնաբանը:
Տնտեսական խնդիրներ ունեցող Հայաստանից, կրկին ըստ Կենտրոնական բանկի տվյալների, ավելացել է փողի արտահոսքը: Հայաստանից դուրս փոխանցումների մեծ մասը գնացել է Ռուսաստան՝ հունվար - հոկտեմբերին ավելի քանի 280 մլն դոլար: Մյուս կողմից, նվազել է Հայաստանից Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ բանկերի միջոցով փոխանցված գումարը:
«Արտահոսքը դեպի Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ նվազել է մոտավորապես 40 տոկոսով: Սա խոսում է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների անկման մասին, որովհետև ֆիզիկական անձանց փոխանցումների մեջ մտնում են նաև ապրանքների դիմաց կատարվող վճարումները», - հավելեց Թունյանը:
Որոշ ուսումնասիրություններով միջին դրամական փոխանցումը Ռուսաստանից Հայաստան կազմում է մոտ 215 ԱՄՆ դոլար։ Մասնագետների խոսքով, այդ գումարների շնորհիվ Հայաստանում ապրում են հարյուրավոր ընտանիքներ:
Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի այդ գումարներից։ Բակեն Թունյանն ասում է, որ Հայաստանը դեռևս բավարար քայլեր չի ձեռնարկում տնտեսության վրա դրամական արտաքին փոխանցումների բացասական ազդեցությունը մեղմելու ուղղությամբ։
«Կարճաժամկետ հնարավոր չէ: Մենք չենք կարող այնպես անել, որ մի քանի ամիս հետո կամ մեկ տարի հետո տրանսֆերտներից ազդեցություն չունենանք: Լուծումը պետք էր տարիներ առաջ սկսել: Ու խոսվում էր դրա մասին, երբ նշվում էր, որ տրանսֆերտներից կախվածությունը մեծ է, ու ներքին ռեսուրսների հաշվին պետք է այդ կախվածությունը թուլացնել: Բայց դա տեղի չունեցավ: Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունը նման է մի հիվանդի, թմրամոլի, որը միշտ կախված է թմրանյութի որոշակի չափաբաժնից»:
Կախվածությունը վերացնելու համար, Թունյանի կարծիքով, անհրաժեշտ են այնպիսի բարեփոխումներ, որոնց մասին իշխանությունները շարունակ խոսում են, բայց դրանք այդպես էլ իրականություն չեն դառնում․ - «Քաղաքական կամք, դատական համակարգի բարելավում, առողջ մրցակցային միջավայրի ձևավորում»:
«Ազատության» հարցման ընթացքում ևս բազմաթիվ քաղաքացիներ նշեցին, որ ապրում են արտասահմանից ստացվող դրամական միջոցների հաշվին, ընդ որում հայաստանցիներին օգնող անձանց աշխարհագրությունը լայն է՝ Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ։